կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-09 12:37
Քաղաքական

Որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի թիկունքին. Արմեն Սարգսյան

Որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի թիկունքին. Արմեն Սարգսյան

Տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի երդման հանդիսավոր արարողության և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն, հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որը տեղի է ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արմեն Սարգսյանը ելույթով հանդես եկավ` մասնավորապես ասելով. «Այսօր ինձ մեծ պատիվ է վիճակվել՝ ստանձնելու ՀՀ նախագահի պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է ժողովրդի և պատմության առջև: Այն ինձ մղում է լարել ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որը մարտի 2-ին ինձ վստահեց ՀՀ ԱԺ-ն, արդարացնելու համար այն հույսերը, որ ինձ հետ կապում են ՀՀ տարբեր շերտերը, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:  Ինձ ուժ է տալիս հավատը, հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ: Այսօր գտնվում ենք Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին և անցում կատարում պետական կառավարման նոր համակարգի: Այսինքն՝ մի կողմից ունենք հարյուրամյա պատմություն, մյուս կողմից սկսում ենք նոր էջից: Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը, բարձրացրեց մեր ոգին: Այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի թիկունքին և պայքարելու են նրա իրավունքների համար: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու նրա հերոսներին, փառք Հայոց բանակին:

Այսօր մեր երկրի համար առանցքային հարց է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը հզոր Հայաստանն է: Արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք ամուր, տնտեսապես զարգացող, ծաղկուն Հայաստան: Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք մեր քաղաքացու համար պետք է ապահովենք ինքնադրսևորման լավագույն միջավայրը: Միասին պետք է պայքար մղենք պետական համակարգում, մեր շրջապատում առկա բացասական, արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև անարդարություն… Այս հարցում յուրաքանչյուրի դերը կարևոր է, մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև առաջարկենք, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն համախմբվենք և աշխատենք միասին»: