Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 16:55
Քաղաքական

Մեծ սրբագրումներ կարող են առաջանալ մեր խորհրդարանական աշխատանքում. «Ելք»-ի պատգամավորը՝ խմբակցության մասին

Մեծ սրբագրումներ կարող են առաջանալ մեր խորհրդարանական աշխատանքում. «Ելք»-ի պատգամավորը՝ խմբակցության մասին

Ազգային ժողովի ընտրություններից մեկ տարի է անցել, և խորհրդարան անցած ուժերից «Ելք» դաշինքը, որը կազմավորվելիս հայտարարում էր, թե մեկ կուսակցություն է դառնալու, այժմ, կարելի է ասել, փլուզման եզրին է. դաշինքի անդամ կուսակցությունները («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր հայաստան», «Հանրապետություն») գործում են իրարից անկախ:

Երեկ դաշինքի անդամ կուսակցություններից «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել հոդվածով, որում ճիշտ չէր համարել ՔՊ-ի` փողոցում պայքարելու որոշումը: «Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ իսկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել»,- գրել էր նա:

Չէր ուշացել Նիկոլ Փաշինյանի խայթող պատասխանը Մարուքյանի դիտարկումներին: Փաշինյանը հորդորել էր գործընկերներին ավելի շատ կենտրոնանալ այն բանի վրա, որ թույլ չտան Սերժ Սարգսյանին երրորդ անգամ ղեկավարել երկիրը:

Ուշագրավ է, որ երեկ ակտիվորեն հարցազրույցներ տվող` «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այսօր արդեն պասիվ են: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ հարցազրույց չի տալիս և իր ասելիքն ասել է հոդվածում: Նա նաև չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները:

Հրաժարվեց խոսել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա էլ նշեց, թե չի անդրադառնում այս թեմային:

«Ելք» դաշինքի պատգամավոր, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ ընդամենը դաշինքի կուսակցություններից մեկն ունի որոշակի գործողությունների ծրագիր և իրականացնում է, իսկ դաշինքի մյուս կուսակցությունները չեն աջակցում դրան:

«Այսքանը` ոչ ավելի, ոչ պակաս, ուրիշ բան չկա: Դաշինքի երեք կուսակցության ներկայացուցիչներին զսպվածության կոչ կանեի, որովհետև ավելորդ մեկնաբանությունների տեղիք և լարվածություն է առաջանում, որն իրականում հիմք չունի: Ընդամենը կուսակցություններից մեկն ունի գործողությունների ծրագիր և իրականացնում է, մյուսները չեն մասնակցում դրան և գտնում են սխալ է, ինչը նորմալ երևույթ է»,- ասաց Միրզոյանը:

Մեր դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ Մարուքյանն իշխանությունների հետ կուլիսային հարաբերություններ ունի, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ասածը նշանակում է, որ եթե նույնիսկ որևէ հարցում` առանձին օրենքի, նախագծի կամ այլ հարցում, ուզում ես իշխանություններին պարտադրել  զիջումներ, ապա դա էլի պետք է անես հասարակական ճնշման միջոցով, եթե դու չունես և չես ձգտում ժողովրդի աջակցությանը, դա նշանակում է` դու գնում ես և խոսում իշխանությունների հետ ու պայմանավորվածության գալիս: Կարելի է ասել` բանաձևային բնորոշում է, ոչ թե Նիկոլ Փաշինյանն ասել է` Էդմոն Մարուքյանը կուլիսային պայմանավորվածությունների մեջ է իշխանության հետ: Փաշինյանը բառացի ասել է` թույլ չեմ տա ստեղծվի տպավորություն, թե դաշինքը կուլիսային պայմանավորվածությունների մեջ է իշխանությունների հետ: Ես էլ եմ, այո, հավաստում, որ «Ելք»-ը չպիտի այնպիսի ճանապարհով գնա, որը կարող է մարդկանց մոտ տպավորություն թողնել, որ «Ելք»-ի անդամները կարող են գնալ կուլիսային պայմանավորվածությունների»:

Մեր հարցին` նման պայմաններում դաշինքն ինչպե՞ս է շարունակելու իր աշխատանքները, Միրզոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչ է լինելու, կոնկրետ այս պահին մենք լեռներում ենք, գնալու ենք Ազատության հրապարակ, այսպիսի պրոցես ենք հարուցել: Ի՞նչ կլինի հետո, նաև այս ընթացքից կերևա: Ես չեմ ուզում մարգարեություն անել և երաշխավորել` «Ելք»-ը կվերադառնա իր նախկին հունին, կամ «Ելք»-ը կփլուզվի»:

Հարցին` նախկին պնդումը, թե «Ելք»-ը շարունակելու է խորհրդարանական բնականոն աշխատանքները, հիմա չե՞ն կարող պնդել, պատասխանեց. «Մենք այնպիսի նոր պրոցես ենք անում, որը մեծ սրբագրումներ և խմբագրումներ կարող է առաջացնել և' խորհրդարանական աշխատանքում, և' այլ ոլորտներում: Հիմա մենք գնում ենք կանխելու` Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարությունը, որը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության: Այս պայմաններում դատողություններ անել հին ֆորմատով և ուժերի հին համամասնությամբ, կարծում եմ, ճիշտ չի լինի: Իրավիճակն այնքան կարող է փոխվել, որ այդ հարցադրումն այլևս օրակարգային չլինի»: