կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 10:42
Քաղաքական

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գազամատակարարման հետ կապված. «Փաստ»

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գազամատակարարման հետ կապված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հարցազրույցում հիմնականում խոսելով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, «հանկարծ» անդրադարձել է վերջերս դեպի Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը: Հիշեցնենք, որ, ըստ ռուսական կողմի, դա տեխնիկական բնույթ էր կրում։ «Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք և կմտածենք այլընտրանքի մասին»,- ասել է Գրիգորյանը։

Այստեղ, իհարկե, ուշագրավ է «հուսով եմ» բառը, որով, ըստ էության, կասկածի տակ է դրվում գազի մատակարարման ժամանակավոր խափանման տեխնիկական բնույթը: Մյուս կողմից՝ ԱԽ քարտուղարը փաստացի հասարակությանը նախապատրաստում է գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ ակնարկելով «այլընտրանք փնտրելու» մասին: Այս ամենը, բնականաբար, պատահական չէ.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը հստակ հասկացրել է Հայաստանի իշխանություններին, որ եթե վերջիններս աշխարհաքաղաքական կողմնորոշում են փոխում, ընկնում են Արևմուտքի գիրկը, անցնում են բոլոր կարմիր գծերը, Ռուսաստանն էլ կարող է կիրառել էներգետիկ գործիքակազմ, որը մասնավորաբար կարող է ենթադրել գազի նոր՝ միջազգային շուկայական գնի կիրառում, ինչպես արվում է ՌԴ-ի «ոչ բարեկամ երկրների» պարագայում: Հասկանալի է, որ գազի գնի նման վերանայումը ծանր մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի նշած «այլընտրանքին», ապա, փորձագետների համոզմամբ, այն փաստացի չկա, քանի որ այդպիսին կարող է դիտարկվել Իրանը, սակայն նախ՝ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բավարար չէ, և հետո՝ Հայաստանի՝ վերոնշյալ աշխարհաքաղաքական ծիրի փոփոխությունը, մեղմ ասած, հազիվ թե ձեռնտու է նաև Իրանին, ուստի անհասկանալի է, թե ինչից ելնելով է առաջարկվելու Ռուսաստանի՝ ներկայում առաջարկվող գնին համարժեք կամ մոտ սակագին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում