կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 17:28
Քաղաքական

Գիտեինք, որ ստորագրությունների թվի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, ՍԴ դիմելը մեր քաղաքական դիրքորոշման վերահաստատումն էր․ Արման Աբովյան

Գիտեինք, որ ստորագրությունների թվի հետ կապված  խնդիրներ կարող են առաջանալ, ՍԴ դիմելը մեր քաղաքական դիրքորոշման վերահաստատումն էր․ Արման Աբովյան

Սահմանադրական դատարանի կողմից ԲՀԿ-ի դիմումը վարույթ չընդունելը կուսակցության համար անակնկալ չէր. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Ուզում եմ հատուկ ընդգծել՝ ի սկզբանե մենք գիտեինք, որ ստորագրությունների թվի հետ կապված  խնդիրներ կարող են առաջանալ։ Մեզ համար ՍԴ դիմելը մեր քաղաքական դիրքորոշման վերահաստատումն էր, և մենք գիտակցում էինք, որ ստորագրությունների պակաս կար, ու հետ կվերադարձվի»,- ասաց Արման Աբովյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ այս պահին, ՍԴ համապատասխան բոլոր նորմերով, մուտքագրված է նույնաբովանդակ երկրորդ դիմումը։

«Նույնաբովանդակ դիմում երկրորդ անգամ ուղարկել ենք մոտ երկու շաբաթ առաջ՝ ԼՀԿ-ի հետ համատեղ, որում բոլոր սահմանադրական նորմերը պահպանված են», - հավելեց բանախոսը։

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն ՍԴ-ում բողոքարկել էր սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը։ Փոփոխությունների համաձայն՝ դադարեցվում են նաև 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Խոսքը, մասնավորապես, դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի մասին է։

Նշենք, որ ՍԴ-ի կողմից ԲՀԿ-ի դիմումը վարույթ չի ընդունվել ստորագրությունների քանակի պատճառով։ Պակասել է մեկ ստորագրություն։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների թվի առնվազն 1/5-ի համաձայնությունը։ ԲՀԿ-ն դիմել էր 26 պատգամավորի ստորագրությամբ։