կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 23:10
Քաղաքական

Իշխանության «բուլդոզերը» հասավ գեոդեզիային ու քարտեզագրությանը․ ազգային անվտանգության հարց կարող է առաջանալ

Իշխանության «բուլդոզերը» հասավ գեոդեզիային ու քարտեզագրությանը․ ազգային անվտանգության հարց կարող է առաջանալ

Քարտեզագրական որոշակի աշխատանքներ գաղտնիություն են պարունակում։ Գաղտնի նյութերի հետ աշխատելու իրավունք ունեցող մասնագետներ, որոնք նախկինում էլ դա արել են, կան միայն «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Կառավարությունը որոշում է ընդունել լուծարել Գեոդեզիայի ու քարտեզագրության պետական կազմակերպությունը և աշխատանքները պատվիրել բացառապես մասնավոր ընկերություններին, որտեղ այդպիսի մասնագետներ չկան։ Սա պատճառներից ընդամենը մեկն է, թե ինչու կարող է ազգային անվտանգության հարց առաջացնել կառավարության այս որոշումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Դեռևս 1973 թ-ին որպես Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ (ГИГиИС) հիմնադրված հաստատությունը «թավշյա» կառավարությունը լուծարեց գրչի մի հարվածով, ավելի քան 60 աշխատակիցներին ծանուցումներ ուղարկեց, որ ազատված են աշխատանքից, նոր աշխատանք չառաջարկեց։

ՊՈԱԿ-ի տնօրենին փոխեցին նախ՝ հետհեղափոխական շրջանում․ իրենց երիտասարդ ու խոստումնալից բաժնի պետերից մեկը՝ Արամ Ստեփանյանը, դարձավ տնօրեն։ Նորարարական ծրագրերը շատ էին, բայց նոր տնօրենը ստիպված եղավ պայքար սկսել ՊՈԱԿ-ի լուծարման մտադրությունների դեմ։ Ի վերջո, հուսահատ՝ մեկ ամիս առաջ, հրաժարականի դիմում գրեց ու հեռացավ։ Հրաժարական ներկայացրեց նաև բազմավաստակ տեղակալը։ Մյուս տեղակալը, որին նոր էին ընդունել և աշխատակիցները չէին էլ հասցրել ճանաչել, դարձավ տնօրենի պաշտոնակատար։

Աբսուրդն այն է, որ դեռ մեկ տարի առաջ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հանրային քննարկման էր ներկայացրել կառավարության  որոշման նախագիծ, որով առաջարկում էր ընդլայնել կազմակերպության լիազորությունները, այնինչ հիմա կառավարությունը՝ ապրիլի 9-ի նիստում, որոշեց ընդհանրապես լուծարել ՊՈԱԿ-ը։

Լուծարման հիմնավորումն այն է, որ գեոդեզիայի և քարտեզագրության պետական կազմակերպության գոյությունը հակամրցակցային դաշտ է ստեղծում մասնավոր ընկերությունների համար։

Շահեն Շահինյանը համաձայն չէ՝ թեկուզև այն պատճառով, որ հենց իրենց ՊՈԱԿ-ն է ուսուցում,  վերապատրաստում և մասնագիտական որակավորում տալիս ոչ միայն մասնավոր հատվածի, այլև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի մասնագետներին ու աշխատողներին։  

Բացի այդ, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը պետական մրցույթներին մասնակցում է մասնավոր հատվածի ընկերությունների հետ նույն պայմաններով, շատ մրցույթներ շահում է հենց մասնավորը։ Միայն թե՝ կան նաև խիստ բարդ աշխատանքներ, որոնք կարող է հանձն առնել միայն պետական կազմակերպությունը, քանի որ դրանք իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ ու մասնագետներ ունի հենց ճանապարհ անցած հաստատությունը։

Ավելին, Շահեն Շահինյանի համոզմամբ, պետք էր նույնիսկ հակառակ ուղղությամբ շարժվել՝ պետության ուղիղ պատվերներ իջեցնել հենց պետական կազմակերպությանը շատ աշխատանքների դեպքում, որոնք պետական նշանակության են՝ կապված են Հայաստանի գեոդեզիական հիմքի, երկրի անվտանգության հետ, որոնք կապված են ոլորտի պատշաճ գործունեության հետ։

Պետականին ու մասնավորին պատվիրելու տարբերությունը նաև այն է, որ 50 տարեկան պետական կազմակերպությունը կարող է պատասխանատվություն կրել իր անգամ տասնամյակներ առաջ կատարած աշխատանքի համար, իսկ մասնավոր կազմակերպություններն այսօր՝ կան, վաղը՝ չկան։ Այդպիսի խնդիր առաջացավ կադաստրային քարտեզների դեպքում, որոնք պատվիրել են մասնավոր ընկերություններին 1990-ականներին և  որոնցում բազմաթիվ անճշտություններ կան, բայց ոչ մեկը դրա համար պատասխանատու չէ։ Այժմ, Կադաստրը, ստիպված շտկման աշխատանքներ է սկսել։  

«Փաստացի, երբ կարիք է լինում ինչ-որ բարդ աշխատանք իրականացնել, որը ոչ մի կազմակերպություն հանձն չի առնում իրականացնել, դա անում է ՊՈԱԿ-ը՝ դա մեզ պատվիրում են կա՛մ մասնավորը, կա՛մ պետությունը և բոլոր բարդ աշխատանքները գալիս են ՊՈԱԿ-ին։ Եթե կադաստրային քարտեզի ինչ-որ մի հատված անհրաժեշտ է ուղղել կամ իրականացնել գեոդեզիական հիմքի ստեղծում այնպիսի հեռավոր մի վայրում, որը կտրված է բնակավայրից, ունի բարդ ռելիեֆ, նմանատիպ աշխատանքները մասնավոր ոլորտը կա՛մ անում է շատ թանկ, կա՛մ ցածր որակի, կա՛մ ընդհանրապես հրաժարվում է անել»,-նկատեց Շահինյանը։

Եվ առանցքային մի հարց՝ լիցենզավորված մասնավոր 350 անձանց գերակշիռ մասը զբաղվում է չափագրությամբ, ոչ թե գեոդեզիայով․ «Խեղաթյուրում կա տերմինների․ չափագրումն այն է, երբ մարդը սեփական գույքը գրանցելու համար պատվիրում է չափագրման ծառայություն, մասնագետը գալիս է, իր հողը կամ գույքը չափագրում է, տալիս է համապատասխան փաստաթղթերի փաթեթ, որով մարդը գնում է կադաստր և գրանցում է ստանում։ Իսկ գեոդեզիական աշխատանքները ավելի բարդ և ավելի բարձր մակարդակի աշխատանքներ են»։

Ի վերջո, եթե հարցը միայն մասնավորի համար հակամրցակցային դաշտ ստեղծելն է, կարելի էր առնվազն ավելի քաղաքակիրթ լուծում գտնել, քան լուծարումը․ կարելի էր պետական կազմակերպությունը սեփականաշնորհել հենց կոլեկտիվին՝ յուրաքանչյուր աշխատակցի մասնաբաժին տալով, այդ պարագայում կլուծվեր թե՛ մրցակցության հարցը, թե՛ կայացած ինստիտուտը չէր ամայանա։ Բայց, ցավոք, այս տարբերակը չի էլ շրջանառվել, ընտրվել է «մկրատը»։

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը պետությունից որևէ լումա չի ստանում․ գոյատևում և աշխատանքները կազմակերպում է բացառապես շահած մրցույթների դիմաց տրվող դրամական միջոցներով։ Այսինքն, սա այն եզակի դեպքերից է, որ պետական կազմակերպությունը պետության համար որևէ հոգս չի ստեղծում, փոխարենը իրականացնում է ռազմավարական ծրագրեր՝ ինքնածախսածածկման սկզբունքով։

«Կազմակերպության լուծարումով մեզ զրկում ենք նախ՝ կայացած և ենթակառուցվածք ունեցող ընկերությունից․ այո՛, պետական ընկերությունից, բայց սա այն ընկերությունն է, որն իրականացում է գեոդեզիական աշխատանքների սպեկտրի գրեթե բոլոր տեսակները»,-ասաց Շահեն Շահինյանը։

Պետական նշանակության ռազմավարական ծրագրերից է, օրինակ, գեոդեզիական հիմքի ստեղծումը՝ Ազգային գեոդեզիական ցանցի, Պետական բարձունքային ցանցի ստեղծումը, որ Հայաստանում իրականացրել է միայն Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը 2003-2007 թթ-ին՝ Կոմիտեի պատվերով։

«Ազգային գեոդեզիական ցանցը թույլ տվեց, որ Հայաստանի ցանկացած բնակավայրում հնարավոր լինի իրականացնել հանույթ՝ ավելի փոքր ծախսերով․․․ բայց դրա մասին հիմա ոչ մի տեղ չի խոսվում»,-ասաց Շահեն Շահինյանը։

Հանութագրումն այն է, երբ որևէ տարածքի քարտեզն են ստանում՝ ոչ միայն շինությունների, այլև ռելիեֆի, ստորագետնյա կոմունիկացիաների պատկերումով։

Պետական նշանակության աշխատանքի տեսակ է նաև բարձր դասի նիվելիրացման աշխատանքը․ «Հիմա Հայաստանի ամբողջ տարածքում կա նիվելիրացման ցանց, որը 2003-2005 թթ ստեղծել է մեր կազմակերպությունը և դա թույլ է տվել ՀՀ ցանկացած տարածքում ունենալ բարձր դասի բարձունքային կետ, որից մասնագետը հնարավորություն ունի սկսելու իր աշխատանքը։ Օրինակ, մեկն ուզում է որոշել ինչ-որ մի տարածքի՝ ծովի մակերևույթից բարձրությունը․ եթե նրան պետք է մեծ ճշտություն՝ պետք է իմանա այդ կետի բարձրությունը մեկ սանտիմետրի շրջակայքում ինչքան է, ապա նա իր աշխատանքը կապակցում է պետական բարձունքային ցանցի կետին։ Իսկ նմանատիպ աշխատանք իրականացրել ենք միայն մենք, ոչ մի ուրիշ կազմակերպություն չի իրականացրել բարձր դասի նիվելիրացում»։

Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը ժամանակին իրականացրել է նաև Հայաստանի ամբողջ տարածքի օրթոլուսանկարների մշակում․ «Նման որակյալ մշակում իրականացնող կազմակերպություն Հայաստանում կարող է չլինել․ ես ծանոթ չեմ նման կազմակերպության»,-ասաց Շահեն Շահինյանը։

Օրթոլուսանկարները ինքնաթիռից արված լուսանկարներն են, որոնք մշակելու համար մեծ վարպետություն է պետք, որպեսզի ցանկացած կետում հնարավոր լինի ճիշտ կոորդինատում գտնել շենքը․ դա ոչ թե սովորական լուսանկար է, այլ քատեզագրական նյութ, որի հիման վրա հնարավոր է իրականացնել շինությունների թվայնացում։

«Դա բավականին բարդ աշխատանք է և նմանատիպ աշխատանք իրականացնելու համար ոչ միայն բավարար չէ բակալավրի և մագիստրոսի կրթությունը, այլ նաև մարդուն կարիք է լինում 3-5 տարի աշխատել, որ կարողանա համարվել բարձր կարգի մասնագետ»,-ասաց Շահինյանը։

Հանրությանը ամենածանոթը Գեոդեզիայի և քարտեզագրության կազմակերպության իրականացրած աշխատանքներից՝ թեմատիկ քարտեզագրությունն է։

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները միասնական՝ համընդհանուր քարտեզով առաջինը ներկայացրեց հենց այս ինստիտուտը․ դա քաղաքացիական դիրքորոշում էր, որը երբեմն առանցքային է այս ոլորտում։

«Ի դեպ, ՊՈԱԿ-ը այս տարի էլ Կադաստրի կոմիտեի պատվերով իրականացրել է Հայաստանի ազգային ատլասի ռուսերեն տարբերակի մշակումը․ նախկին տարիներին Ազգային ատլասի հայերեն և անգլերեն տարբերակներն ենք մշակել։ Բացի այդ, իրականացվել է Արցախի ատլասի ստեղծումը։ 2015 թ-ին մոտ երկու տասնյակ քարտեզներ ենք հրապարակել Ցեղասպանության թեմայով։ Այս տարի ՊՈԱԿ-ն իր միջոցներով ծրագիր է արել, որն ընդհանրապես չի ֆինանսավորվել ոչ մի կազմակերպության կողմից․ մեր խնայողությունների հաշվին իրականացրել ենք Մանկական ատլասի մշակում։ Կազմակերպությունը ծախսեր չի արել՝ դա հրապարակել է՝ Մանկական ատլաս, որը գրախանութներում բավականին մատչելի վաճառվում է»,-ասաց Շահեն Շահինյանը։

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարման որոշման մեջ գրված է, որ ստեղծվելու է մի նոր մարմին՝ Գեոմատիկայի կենտրոն, որն  իրականացնելու է բացառապես պետական նշանակության աշխատանքներ, որոնք չեն իրականացվել մասնավոր հատվածի կողմից։

Այս կենտրոնը միավորելու է մի քանի կազմակերպության լիազորություն և ունենալու է ընդամենը 50 աշխատակից։ Այնինչ միայն «Գեոդեզիա և քարտեզագրություն» կազմակերպության աշխատակիցների թիվը 60 է, որը պատվերներ ունենալու ընթացքում հասնում է 130-ի։ Այս մարդիկ աշխատանքի որևէ առաջարկ չեն ստացել։ Մինչդեռ նրանց գերակշիռ մասը եզակի մասնագետներ են, որոնց գոյության փաստով կհպարտանար ցանկացած պետություն։

Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի ներկայիս շենքը մոտ 50 տարի առաջ կառուցվել է հենց այս ինստիտուտի համար։ Դրա կառուցմանը անգամ մասնակցել են ներկա աշխատակիցներից ոմանք։ Սա ավանդութներ և ժառանգականություն կրող հաստատություն է, որը մեկ օրում վերացնելը անվերականգնելի կորուստ կպատճառի։

Շահեն Շահինյանին մի պատմություն է հասել ինստիտուտի հիմնադրման շրջանի մասին․ պարզվում է, այն տարիներին գեոդեզիայի և քարտեզագրության մարմին ուներ միայն Վրաստանը, իսկ Հայաստանը չուներ։ Ու ամեն անգամ կանգնում էին փաստի առաջ, որ հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքներում վրացի քարտեզագրողները իրենց տարածքը քիչ-քիչ մեծացնում էին։ Այստեղ էլ որոշում են կայացրել՝ ստեղծել Հայաստանի գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտը, որի բարձր մասնագիտական ու հայրենանվեր աշխատանքը շարունակվել է մոտ 50 տարի՝ մինչև «թավշյա» հեղափոխությունը։

Աննա Բալյան