կարևոր
3193 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 15:14
Հասարակություն Քաղաքական

Իշխանություններն անհարկի ձգձգում են ռեկտորի հաստատումը. Բրյուսովում կարող է առաջանալ ճգնաժամ. համալսարանն ահազանգում է

Իշխանություններն անհարկի ձգձգում են ռեկտորի հաստատումը. Բրյուսովում կարող է առաջանալ ճգնաժամ. համալսարանն ահազանգում է

2022 թ. հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ, որին հաջորդեցին Բրյուսովի համալսարանի ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ անտեղի միավորման: Դեկտեմբերի 9-ին համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություններ, որտեղ ձայների մեծամասնությամբ ռեկտոր վերընտրվեց Կարինե Հարությունյանը:

«Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը, որի համաձայն Կարինե Հարությունյանը ընտրվել է ԲՊՀ-ի ռեկտոր։ Քվեարկության արդյունքները միաձայն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ռեկտորի ընտրության համար գումարված հոգաբարձուների խորհդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ, հոգաբարձուների խորհդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Որպես կանոն հոգաբաձուների խորհդի կողմից ընդունված որոշումները և արձանագրությունները խորհրդի նախագահը ստորագրել է խորհրդի քարտուղարի կողմից պատրաստելուց հետո մեկ-երկու օրվա ընթացքում։ Նման գործելաոճը կիրառվել է նախկինում հոգաբարձուների խորհդի բոլոր նախագահների կողմից», - հայտնում է համալսարանն իր ֆեյսբուքյան էջում:

Սակայն պարզվում է, որ ժողովրդավարության հիմունքներով կայացած ընտրությունների արդյունքները դուր չեն եկել Հայաստանը «ժողովրդավարության բաստիոնի» վերածած իշխանություններին. երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Առանձնապես զարմացած չեմ, որովհետև թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։ Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով», - հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Բացի այդ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարվում է ստորագրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

«2022 թվականի դեկտեմբերի 9-ով թվագրված արձանագրությունը և որոշումը նիստի անցկացումից հետո առաջին աշխատանքային օրը, ընդունված գործելաոճի համաձայն, փոխանցվել է Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ ստորագման ներկայացնելու համար։ Սակայն Համբարձում Մաթևոսյանը անհասկանալի ու անհայտ պատճառով հրաժարվում է ստորագրել արձանագրությունը և որոշումը։ ԲՊՀ-ն արձանագրությունը և որոշումը նաև փոստային կապի միջոցով առաքել է Համբարձում Մաթևոսյանին և մինչ օրս, կրկին պատասխան չի ստացվել: Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԲՊՀ-ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ԲՊՀ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Գրությանը կցվել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, հոգաբարձուների խորհդի նիստին ներկա անդամների ցանկը, նիստի արձանագրությունը խորհրդի քարտուղարի ստորագրությամբ, ինչպես նաև խորհրդի նիստի տեսաձայնագրությունը։

Ամփոփելով՝ հանգում ենք այն եզրակացության, որ վերոգրյալի բուն նպատակը ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման անհարկի ձգձգումն է, քանի որ 2023 թվականի հուվարի 11-ին լրանում է ռեկտորի պաշտոնավարման ժամկետը։ Կոչ ենք անում պատասխանատուներին հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, քանի որ հակառակ պարագայում կարող է առաջանալ ԲՊՀ-ի կառավարման ճգնաժամ, որից կտուժեն հազարավոր ուսանողներ ու աշխատակիցներ», - հայտարարության մեջ նշում է համալսարանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված հաղորդագրությունների` ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը և Համբարձում Մաթևոսյանն իր պաշտոններից ազատվել են հենց Բրյուսովի համալսարանի վերաբերյալ իշխանական հրահանգները ձախողելու պատճառով: