Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ կանխարգելվող քաղցկեղն է: Այն համալիր գործընթաց է և ներառում է զուգահեռ ընթացող, իրար ամբողջացնող բաղադրիչներ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների իրականացում (առաջնային կանխարգելում), արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտությունների իրականացում (երկրորդային կանխարգելում):
2017 թվականի դեկտեմբերի 11-ից Հայաստանում ևս իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ: Մինչ օրս հանրապետությունում պատվաստվել է 380 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել ոչ մի հետպատվաստումային ռեակցիա, նույնիսկ` ներարկման տեղի ցավ: Մինչդեռ Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման ընթացքում առանձին ոչ մասնագետների կողմից տարածվեցին տարբեր սարսափելի տեսանյութեր, ասեկոսեներ: Այդ ապատեղակատվության տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորվեց անվստահության և վախի մթնոլորտ:
Շրջանառվող ասեկոսեները պարզաբանելու, ինչպես նաև Արգենտինայի հաջողված փորձը հայ բժիշկներին ներկայացնելու նպատակով Հայաստան է ժամանել արգենտինահայ բժիշկ, Արգենտինայի Գարախանի մանկական հիվանդանոցի նախագահ Կառլոս Կամբուրյանը:
Արգենտինայի դեսպանատանը հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Կառլոս Կամբուրյանը նշեց, որ ներկայումս հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: Արգենտինահայ բժիշկը մեկ անգամ ևս փաստեց, որ չկա ոչ մի հիմք պնդելու, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այդ հետազոտությունների արդյունքում անպտղության տարածվածության առումով պատվաստված և չպատվաստված կանանց և աղջիկների շրջանում տարբերություն չի գրանցվել:
Հարկ է նշել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պայքարի Արգենտինայի հաջողված փորձը ներկայացնելու նպատակով 2018թ. փետրվարին Հայաստան էր այցելել նաև արգենտինահայ ճանաչված բժիշկ, վարակաբան, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «FIDEC Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Հետևաբար, այսօր պատվաստելով Ձեր երեխային ՄՊՎ-ի դեմ, ապագայում նրան կպաշտպանեք արգանդի պարանոցի, սեռական այլ օրգանների, կոկորդի քաղցկեղներից: