կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-07 15:49
Հասարակություն

Պապիլոմայի դեմ պատվաստումից հիմնականում հրաժարվում են նրանք, ովքեր դեմ են բոլոր պատվաստումներին

Պապիլոմայի դեմ պատվաստումից հիմնականում հրաժարվում են նրանք, ովքեր դեմ են բոլոր պատվաստումներին

Դեկտեմբերի 11-ին մեկնարկեցին մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները: Պատվաստումներն իրականացվում են ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում: Պատվաստվում են այն աղջիկները, որոնց 13 տարին լրացել է 2004-ի հուլիսի 1-ին և դրանից հետո։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պատվաստումների ընթացքը պլանավորվածի պես է՝  գրեթե չի տարբերվում նախկին պատվաստումների ընթացքից: «Պատվաստումների մեկնարկն ազդարարելուց հետո առաջին երկու շաբաթը շատ ակտիվ է եղել, սակայն տոնական օրերին նախորդող շաբաթը մի փոքր ավելի քիչ էին այցելում պատվաստման, ինչը, բնականաբար, նախատոնական իրարանցման հետևանքն է: Ի դեպ, առաջին երկու շաբաթվա ընթացքում 150 աղջիկ է պատվաստվել»,- հայտնեց Սահակյանը:

Նա նշեց, որ պատվաստումից հրաժարվողներ էլ են լինում, և հիմնականում նրանք են, ովքեր մյուս պատվաստումներից նույնպես հրաժարվում են: Այսինքն, Սահակյանի կարծիքով, նրանք ոչ թե պապիլոմայի պատվաստմանն են դեմ, այլ առհասարակ` պատվաստումների: Ըստ մեր զրուցակցի՝ ծնողներ էլ կան, որ սպասում են՝ տեսնեն` պատվաստված աղջիկների մոտ ինչ հետևանքներ են առաջանում կամ չեն առաջանում, որ նոր իրենց աղջկան պատվաստեն: «Պատվաստումների հետևանքով որևէ արտառոց դեպք չի գրանցվել, բոլորը համոզվեցին, որ սարսափելի բան չկա: Կարծում եմ՝ մարդիկ հասկացան, որ տարածվող ապատեղեկատվությունը՝ տեսանյութերի տեսքով, սոցիալական կայքերում գրվող մեկնաբանությունները որևէ հիմք չունեն և զուտ  հերյուրանքներ են»,- ասաց Սահակյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք ուսումնասիրություն են կատարել ծնողների շրջանում, թե պապիլոմայի դեմ պատվաստման վերաբերյալ հիմնականում ո՞ր աղբյուրից կցանկանային ինֆորմացիա ստանալ: Սահակյանի խոսքով՝  ծնողների 90 տոկոսը նշել է, որ նախընտրելի է տեղեկատվություն ձեռք բերել ընտանեկան բժիշկներից: «Այսինքն՝ որոշումը՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ, հենց բուժաշխատողներից են նախընտրում իմանալ, ինչը հուսադրող է, քանի որ առկա սարսափեցնող տեսահոլովակները և անհիմն լուրերը շատ արագ կսպառեն իրենց»:

Հիշեցնենք, որ պատվաստումները կիրականացվեն երկու դեղաչափով՝ վեց ամիս միջակայքով: