կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-28 13:25
Քաղաքական

ՀՅԴ ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների. Արսեն Համբարձումյան

Նման օրակարգ ՀՅԴ-ն չունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ նորընտիր ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով հարցին` արդյո՞ք համապատասխանում են իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշանակվելու է նախարար, և դրանով է պայմանավորված ԳՄ կազմի փոփոխությունը:

«Ծանոթ եմ վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում արված հրապարակումներին: Շատ հեշտությամբ եք մարդկանց նշանակում պաշտոնների և ազատում: Չկա նման օրակարգ, ընկերների չընտրվելը ԳՄ նոր  կազմում նման հանգամանքներով պայմանավորված չէ: Նրանք որպես թեկնածու էլ առաջադրված չեն եղել»,- ասաց նա և ևս մեկ անգամ նշեց, որ Գերագույն ժողովը կարևորել է կազմակերպչական հարցերի կազմավորումը, իսկ թե' նախարարները, թե' խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնված են լինում, հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարելու:

Ինչ վերաբերում է դիտարկմանը` ստացվում է` Գերագույն ժողովը գոհ չի՞ եղել նախկին ԳՄ-ի աշխատանքներից, Համբարձումյանն ասաց, որ Գերագույն ժողովը նախորդ ԳՄ-ի աշխպատանքը գնահատել է բավարար: «Դժգոհության հետ դա պետք չէ կապել»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ԳՄ կազմի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ-ն կաշկանդված չլինի խորհրդարանում քննադատել իշխանությանը, Համբարձումյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն կաշկանդվող կուսակցություններից չէ: ՀՅԴ-ն երբևէ չի կաշկանդվել, առաջիկայում էլ չենք կաշկանդվելու: Կոալիցիայի մեջ լինելով հանդերձ` ՀՅԴ-ն ազատ է իր կարծիքն արտահայտել այն հարցերի շուրջ, որոնք նախատեսված չեն կոալիցիոն հուշագրով, և որոնց շուրջ քննարկումներ ու որոշումներ չեն կայացվել»:

Նա հորդորեց` կատու չփնտրել մութ սենյակում, նման խնդիր չկա: «ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ, իսկ քաղաքական ուղղությունը մնացել է նույնը: Զուտ ներքին կազմակերպչական իմաստով է նպատակահարմար համարվել, որ կազմը ենթարկվի փոփոխության, իսկ սերդնափոխությունն այս իմաստով խրախուսելի է: Եթե ուզում ենք երբևէ ինչ-որ բան փոխել, դա պետք է անենք դեմքերի փոփոխությամբ, և այս առումով բավական համարձակ որոշում է կայացրել ԳԺ-ն»,- ասաց Համբարձումյանը:

Նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս լինելը չի նշանակում, որ ՀՅԴ-ի գործողությունները պայմանավորված են ՀՀԿ-ի գործողություններով: «ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների: Դուք չեք կարող տեսնել մի դեպք, երբ ԳՄ-ում փոփոխություն եղած չլինի: Հավաստիացնում եմ, որ ներկուսակցական որևէ խնդիր չկա: Դրանում համոզվելու առիթը կունենաք: ՀՅԴ-ն շարունակում է մնալ մեկ թիմ, ՀՅԴ-ն մեկ անձի կուսակցություն չի եղել, չի լինի: Այս առումով ՀՅԴ-ն շահեկանորեն տարբերվում է մյուս կուսակցություններից»,- հայտարարեց Համբարձումյանը: