կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 16:12
Հասարակություն

Պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր, այլ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի վերապրումը. Բակո Սահակյան

Պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր, այլ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի վերապրումը. Բակո Սահակյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, որն ընթերցվել է Անթիլիասի մայրավանքում կայացած՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի համահայկական համաժողովի բացմանը:

Աղբյուրը՝ armenianorthodoxchurch

Նորին Սրբութեան խօսքէն ետք ընթերցուեցան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին ուղերձը, ուր կարեւորութեամբ շեշտուած է Հայաստանի անկախութեան վերականգնումը ողջ աշխարհի համար բարդ ու խրթին իրադարձութիւններուն մէջէն։ Նախագահը յայտնած է, որ Հայաստանի Հանրապետութեան ստեղծումով հայերը ո՛չ միայն վերապրեցան, այլ նաեւ գտան զարգացման ճանապարհ մը, որուն երեւոյթը քաղաքական ու հոգեբանական ոստում մը կը ներկայացնէ։ Ուղերձը շեշտը դրած է նաեւ երկուքուկէս տարուան կեանք ունեցող անկախութեան հերոսական ըլլալուն մասին, իսկ այսօր զանոնք իւրացնելու ու ապագայի նկատմամբ աւելի խոհեմ գործելու հրամայականին մասին։

Ապա բեմ հրաւիրուեցաւ Արցախի Հանրապետութեան Վսեմաշուք նախագահ Բակօ Սահակեան եւ արտասանելով իր խօսքը յայտնեց, որ պետականութեան վերականգնումը սոսկ հռչակագիր ու օտարին կողմին մեզի մատուցուած պարգեւ մը չէր, այլ ընդամէնը երեք տարի առաջ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդի վերապրումն էր, որ իր մէջ ոչ միայն ուժ գտաւ տէր կանգնելու իր սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաեւ վճռորոշ ճակատամարտերուն մէջ ջախջախեց ցեղասպան թշնամիին։ Նախագահը նշեց, որ պարտաւոր ենք միշտ յիշել մեր մեծերը, որոնք մեր պատմութեան ճակատագրական այդ ժամանակաշրջանին մասնակից եղան հայրենիքի պաշտպանութեան։ Ան յատուկ կերպով յիշեց Մեծի Տանն Կիլիկիոյ Երջանկայիշատակ Գարեգին Ա. Յովսէփեան Կաթողիկոսին Սարդարապատի ճակատամարտին մասնակցութիւնը։

Ընթերցուեցաւ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին խօսքը, ուր ան կը յայտնէ, որ պետականութեան վերականգնումը մղիչ ու ոգեւորիչ ուժ դարձաւ համայն հայութեան համար, ինչպէս նաեւ մեր ժողովուրդի նուիրական ու վեհ ձգտումներուն վկայութիւն՝ կառուցելու համար ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետութիւն եւ ազատ ու արդար հասարակական կեանք։ Այս մէկը հիմք դարձաւ, որ հայ ժողովուրդը 1991 թուականին անգամ մը եւս հռչակէ ազատ ապրելու իր իրաւունքը ու հայրենիքի սահմանները պաշտպանէ թշնամիներու ոտնձգութիւններէ։

Ընթերցուեցաւ Ամենապատիւ Տ. Գրիգոր Պետրոս Ի. Պատրիարքին խօսքը, ուր շեշտուած էր հայ ժողովուրդին քրիստոնեայ դիմագիծին ու Յիսուս Քրիստոսի կեանքի օրինակին հետեւելուն հրամայականը։ Խօսքին մէջ Պատրիարքը ընդգծած էր, որ հայ ժողովուրդը իր գոյապայքարը մղած է կրօնքի եւ հայրենիքի համար ու առանց կորսնցնելու իր հաւատքը, յոյսը եւ սէրը առ Աստուած ապաւինած է անպարտելի Քրիստոսին։ Ան շեշտը դրած էր միաբան եւ միակամ ու ազգին գերագոյն շահերէն մեկնելու հրամայականին մասին։

Աւարտին, Վերապատուելի Մկրտիչ Գարակէօզեանը արտասանեց իր խօսքը։ Վերապատուելին մաղթեց, որ համաժողովը անկախ պետականութեան արժէքը հիմնաւորող ու անոր ի խնդիր համատեղ աշխատանք հունաւորող ուժեղ ազդակ հանդիսանայ։ Ան յայտնեց, որ հայրենիքը ոչ միայն հող ու մշակոյթ է, այլ ամէն բանէ աւելի Աստուածատուր պարգեւ է մարդուն, հետեւաբար հարկ է անսակարկ ծառայութեամբ եւ զոհաբերութեամբ արժեւորել մեր պատկանելիութիւնը անոր, որպէսզի կարենանք միանալ զայն պահողներուն շարքին։

Նշենք, որ Անթիլիասի մայրավանքում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի համահայկական համաժողովի բացումը, որին ներկա է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հիշեցնենք նաև, որ այսօր Լիբանանի Անթիլիասի մայրավանքում տեղի կունանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը, որն իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորմամբ: