կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 13:40
Իրավական

Կենտրոնական բանկի դիմաց կատարված վրաերթի գործով ձերբակալված կա

Կենտրոնական բանկի դիմաց կատարված վրաերթի գործով ձերբակալված կա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

11.03.2018թ.՝ ժամը 01:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը նա ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է: Ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակն էլ հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է և դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ իրական վարորդը ոստիկանություն ներկայացած Լ. Արեստակեսյանը չի եղել: Նա պարզապես իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը: