կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 11:16
Առանց Կատեգորիա

Վարչապե՞տ, թե՞ Կենտրոնական բանկի նախագահ

Վարչապե՞տ, թե՞ Կենտրոնական բանկի նախագահ

Քաղծառայողների աշխատավարձի բարձրացման հիմնախնդիրը, անշուշտ, նրանց գործունեության արդյունավետության և աշխատանքի որակի բարելավման կարևորագույն ազդակներից է: Խնդիրը տարիներ առաջ դրվեց որպես պետական բյուջեի առաջնահերթություն, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ արդեն տարիներ շարունակ սայլը տեղից չի շարժվել:

 

Սակայն կառավարությունը 2012թ. բյուջեով, թվում է, նախատեսվում է քայլ անել այս ուղղությամբ՝ քաղծառայողներին տրամադրել սոցիալական փաթեթ, որով վերջիններս կարող են իրականացնել, ասենք, հիպոթեքային վարկերի տոկոսների մարում կամ ապահովագրական պոլիսների միջոցով առողջական խնդիրների լուծման անհրաժեշտ ծախսերի փակում: Այս նպատակով բյուջեում նախատեսվում է լրացուցիչ 18 միլիարդ դրամ: Սակայն, որքան էլ զարմանալի է, այս «փայլուն» ծրագիրը կառավարությունը նախատեսում է ոչ թե քաղծառայողների աշխատավարձի ուղղակի բարձրացման ձևով, այլ նշված հսկայական գումարը պետական բյուջեից ուղղելով բանկային և ապահովագրական համակարգ:

 

Կառավարությունը շատ լավ գիտի, որ քաղծառայողների միայն չնչին տոկոսը կարող է օգտվել հիպոթեքային վարկից: Համենայն դեպս, ծրագրի ներդրվելուց հետո էլ այն անհասանելի կլինի միջին և շարքային պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների համար, քանզի Երևանի ամենածայրամասերում բնակարաններն արժեն նվազագույնը 25 հազար դոլար, իսկ նախարարության կրտսեր մասնագետը ստանում է միջինը 150 դոլարին համարժեք դրամ, իսկ, ասենք, բաժնի պետը` մոտ 350 դոլար աշխատավարձ:

 

Ինչ վերաբերում է ապահովագրական պոլիսների միջոցով իրականացվող առողջական ծախսերի փակմանը, ապա ակնհայտ է, որ առաջնահերթ նպատակը առողջապահական ապահովագրության դաշտի ընդլայնումն է, որը, ինքնին, ինչպես հիպոթեքային շուկայի զարգացումը, վատ գաղափար չէ, եթե այն չմատուցվի քաղծառայողներին տրվող սոցիալական փաթեթի անվան տակ:

 

Այսպիսով` կառավարությունն ուզում է միանգամից երկու նապաստակ սպանել` սիրաշահել քաղծառայողներին և բյուջեի սուղ միջոցների հաշվին զգալի ներարկումներ կատարել հիպոթեքային ու հատկապես ապահովագրության շուկաներ: Դառնալով քաղծառայողների` ընտանիքի ուսանողների ուսման վարձերը նշյալ փաթեթի հաշվին փակելուն, նկատենք, որ այն ևս ստեղծում է պայմաններ, որպեսզի քաղծառայողները չկարողանան համահավասար օգտվել այս փաթեթից: Այսպիսով` քաղծառայողը, որի ընտանիքում ուսանող չկա, կամ որը բնակարանի կարիք չունի կամ ունի և անգամ հիպոթեքով ձեռք բերելու հնարավորություն չունի և, փառք Աստծո, նաև առողջության հետ կապված խնդիրներ չունի, այս փաթեթից սպասելիք չպետք է ունենա: Ու եթե նկատենք, որ պետական համակարգում աշխատողների միջին ամսական աշխատավարձը 93 հազար դրամ է, ապա կարելի է ասել, որ այս համակարգում` քաղծառայող, թե ոչ քաղծառայող, բոլորն անխտիր ունեն պետական աջակցության կարիք:

 

Մասնագետները հաշվարկել են, որ վերջին երկու տարվա ընթացքում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 36 հազար դրամից աճել է 62 հազար դրամի, իսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 23 հազար դրամից՝ 51 հազար դրամի: Մինչդեռ 2012թ. նախատեսվող նվազագույն աշխատավարձի չափը չի հասնում անգամ նվազագույն պարենային զամբյուղի արժեքին, իսկ կրտսեր պաշտոնների քաղծառայողների աշխատավարձն էլ չի հասնում սպառողական նվազագույն զամբյուղի ներկայիս արժեքին:

 

Հիշեցնենք, որ այսօր քաղծառայողների բազային աշխատավարձը 40 հազար դրամ է: Եվ միանգամայն արդարացի է մտահոգությունը, որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, մինչդեռ աշխատավարձի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի միջոց է: Այնինչ՝ սոցիալական փաթեթին հատկացվող 18 մլրդ դրամը կբավականացներ քաղծառայողների բազային աշխատավարձը բարձրացնելուն` հասցնելով այն ավելի քան 60 հազար դրամի: Այդ դեպքում, ունենալով այդ հնարավորությունը, ինչո՞ւ կառավարությունը չի գնում նման քայլի:

 

Պատճառներից մեկը, գուցե գլխավորը, այն է, որ վարչապետը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ Կենտրոնական բանկի նախագահի «պորտֆելից»: Տպավորություն է, որ վարչապետի նպատակը ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացումն է` տնտեսության վերականգնումը ու աշխատատեղերի ստեղծումը, դրանով իսկ` աղքատության հաղթահարումը, երկրում առկայծող դեմոգրաֆիական աղետի ու աճող արտագաղթի կանխարգելումը, այլ բացառապես ֆինանսական համակարգերի` ամեն գնով հզորացումը: Ակնհայտ է, որ դրանից շահում են միայն համակարգի հայտնի և անհայտ ղեկավարները:

 

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ