կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-07 11:50
Քաղաքական

Մեզ հիմարի տե՞ղ եք դնում. վեճ ԱԺ-ում` «Հանրաքվեի մասին» օրենքի քվեարկության ժամանակ

Մեզ հիմարի տե՞ղ եք դնում. վեճ ԱԺ-ում` «Հանրաքվեի մասին» օրենքի քվեարկության ժամանակ

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքները ԱԺ-ն պետք է ընդունի առնվազն ձայների 3/5-րդով:

Նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ Քվեարկության ժամանակ կողմ էր 61 պատգամավոր:

Մինչ այդ ԱԺ նախագահ Արա Բաբոլյանը հայտարարել էր, որ երեք պատգամավոր` Աղվան Վարդանյանը, Արմեն Աշոտյանը և Արփինե Հովհաննիսյանը, գործուղման մեջ են, բայց թողել են նախագծերին կողմ քվեարկելու գրավոր համաձայնություն: Այդպիսով` 64 կողմ ձայն արձանագրվեց:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ 61 ձայնը խախտում է, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, թե նա ամեն անգամ նույն հարցն է բարձրացնում, և ինքն ամեն անգամ ստիպված է պատասխանել, որ պատկերը ֆիքսվում է ներկա պատգամավորների ձայներով,  չեն հաշվվում գրավոր համաձայնություն տված ձայները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա տեղը քվեարկել են։

«Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Մի' մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների թիվը, չեք կարողանում, մի' քվեարկեք»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է, և միևնույն է, նախագիծն ընդունվել է, եթե Արսենյանի ձայնն էլ չլինի: