կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 14:39
Հասարակություն

Շարժական արագաչափը 12 մլն դրամ է արժեցել

Շարժական արագաչափը 12 մլն դրամ է արժեցել

Շուրջ մեկ ամիս է` ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից հանրապետության ավտոճանապարհներին կիրառվում է շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Այս ընթացքում վարորդներն արդեն հասցրել են «ֆիքսել» թաքնված տեսախցիկով զինված տասնյակ մեքենաներ և դրանց լուսանկարները զետեղել համացանցում: Սակայն պարզվում է ներկայումս ՀՀ տարածքում գործարկվում է միայն մեկ լուսանկարահանող-շարժական արագաչափ սարք:

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ լուսանկարահանող-շարժական արագաչափ սարքով կահավորված տրանսպորտային միջոցը տարբերակիչ նշաններ չունի։

Շարժական արագաչափի կողմից արձանագրված խախտման համար կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով ուղարկվում են հասցեատերերին:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ լուսանկարահանող-շարժական արագաչափ սարքի ձեռք բերման գինը 12079000 դրամ է:

Ոստիկանության ներկայացրած փաստարկի համաձայն՝ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են: Շարժական արագաչափերի գործարկումից երկու շաբաթ անց ոստիկանությունը վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի՝ այդ ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է:

Այն, որ շատ դեպքերում վարորդները ավտոմեքենայի արագությունը նվազեցնում են արագաչափ սարքերին մոտենալուց հետո, փաստ է: Սակայն կան նաև օրինապահ վարորդներ, ովքեր զգոնանում են ճանապարհային նշաններ տեսնելիս: Որքան շատ լինեն ճանապարհային երթևեկության նշանները, այնքան վարորդներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն գրագետ երթևեկելուն:

Մեր հարցին` արդյո՞ք ՀՀ ավտոճանապարհներին ներկայումս առկա ճանապարհային երթևեկության նշանները բավարար են վարորդներին, հետիոտներին և ճանապարհային երթևեկության մասնակիցներին ճիշտ ուղղորդելու կամ տեղանքի մասին տեղեկություն տրամադրելու համար, ոստիկանությունից պատասխանել են՝ այո:

Ոստիկանությունից միաժամանակ հայտնեցին, որ յուրաքանչյուր տարի կատարվում են ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների համալրման աշխատանքների ապահովման գործընթացներ։