կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 15:12
Քաղաքական

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են, ինչը կծածկի որոշ խնդիրներ. Սամվել Նիկոյան

Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են, ինչը կծածկի որոշ խնդիրներ. Սամվել Նիկոյան

Երեկ ՍԴ որոշումից հետո, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից հարցրեցինք ՍԴ դիրքորոշման վերաբերյալ, որը պարտադիր կուտակային օրենքը հակասահմանադրական է ճանաչել, պատգամավորը պատասխանեց. «Վստա՞հ եք, որ հակասահմանադրական է ճանաչել: Ես չեմ հավատում, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել»: Երբ ասացինք, որ դա այդպես է, Սամվել Նիկոյանն ասաց. «Դե դուք հիշեք ձեր ասածը, ես մի հատ կնայեմ ՍԴ որոշումը ու վաղը կասեմ իմ կարծիքը»:

 

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում նա նախ նշեց, որ ՍԴ յուրաքանչյուր որոշում իրավունք չունի մեկնաբանել կամ քննարկել, հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը, պարզապես ՍԴ որոշումը պետք է կատարել: Ըստ Սամվել Նիկոյանի` կա օրենք, և կա Սահմանադրություն, եթե օրենքի հեղինակը կառավարությունն է կամ ԱԺ-ն, ապա ՍԴ-ն ընդամենը որոշում է օրենքի դրույթների սահմանադրականությունը:

 

Մեր այն հարցին` ինչպե՞ս է պատգամավորը պատկերացնում հետագա իրավիճակը, եթե քաղաքացին չի ցանկանում իր աշխատավարձից պարտադիր վճար թողնել, մանավանդ` ՍԴ-ն արդեն հայտարարել է, որ օրենքի բազմաթիվ դրույթներ հակասահմանադրական են, Սամվել Նիկոյանը նշեց, որ քաղաքացիների մեծամասնությունը արդեն ցանկություն են հայտնել ֆոնդեր ընտրել, պարզապես օրենքի դեմ իրականացվում է տոտալ հակաքարոզչություն, և դա արվում է որոշ մարդկանց կողմից:

 

«Խնդիրն այն է, որ մեկ կամ երկու ամսից ամբողջ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են, ինչը կծածկի որոշ խնդիրներ, իսկ մասնավոր ընկերությունների մեծ մասն իրենք են իրենց կողմից փոխանցում այն գումարը, որ պետք է փոխանցեին իրենց աշխատողների գրպաններից»,- ասաց Սամվել Նիկոյանը: