Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու և զարգացման հեռանկարները նախանշելու առումով: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես-քննարկումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի տեսլականը:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն և այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից:
Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների, երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու պատրաստակամությունը: