կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-26 14:40
Քաղաքական

Քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց. «Երկիր ծիրան»-ին չտեսավ բարձրացված ձեռքերը

Քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց. «Երկիր ծիրան»-ին չտեսավ բարձրացված ձեռքերը

Երևանի ավագանու այսօրվա նիստը բավական բուռն էր անցնում: Նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը քանիցս դիմեց ներկաներին՝  ասելով, որ իր տեղից չի երևում, թե քանիսն են կողմ քվեարկում այս կամ այն հարցին: Նշենք, որ «Երկիր ծիրանի»-ն նիստերի դահլիճում ամենավերջում է նստում:

«Խնդրում եմ, նորմալ բարձրացրեք ձեր ձեռքերը, որ տեսնեմ դրանք»,- ասաց Խաչատրյանը՝ դիմելով ավագանու անդամներին:

ՀՀԿ խմբակցության անդամներից մեկն էլ արձագանքեց, թե՝ բարձրակրունկ հագեք, կերևա:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր հարց ներկայացնելիս «Երկիր ծիրանի»-ի անդամները հարց էին ուղղում ներկայացնողին, ինչը, կարծես, ՀՀԿ խմբակցության որոշ անդամների հունից հանում էր, և նրանք ռեպլիկներ էին անում:

Այսօր, Երևանի ավագանու որոշմամբ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նվիրելու մասին որոշումների նախագծերը ևս հաստատվեց ավագանու կողմից: Ավագանին հաստատեց նաև ԵԿՄ անդամ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու մասին որոշման նախագիծը: Բացի այդ՝  հաստատվեց նաև Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը:

Մարինե Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են որոշել, որ հենց նրանց պետք է բնակարան տրամադրվի: «Եթե նրանք պատճառաբանում են, թե տուն չունեն ու չեն կարողանում ստեղծագործել, թող չստեղծագործեն: Թող տուն ստանան նրանք, ովքեր սահմանին ծառայում են»,- նշեց նա:

Ուշագրավ էր այն հանգամանքը, որ «Երկիր ծիրանի»-ն դեմ քվեարկեց ոչ միայն մշակույթի գործիչներին, այլ նաև ազատամարտիկներին տուն տրամադրելուն: