Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Pastinfo.am-ը հայտնում է , որ Սահմանադրական դատարանը այսօր, գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց դրա վարույթը կարճել:
Միևնույն ժամանակ, դատարանը համաձայնեց ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրի հետ և իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, նկատի ունեցավ, որ շրջանառության մեջ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը, որում անպայման պետք է հաշվի առնվեն ՍԴ իրավական դիրքորոշումները և ՄԻՊ-ի կողմից «բարձրացված այս կարևորագույն խնդիրը օրենսդրական իր լուծումն ունենա՝ հետագա հայեցողական լայն մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, վիճարկվող 37-րդ հոդվածով՝ «Վարչական տույժ նշանակելու ժամկետները», մասնավորապես, սահմանվում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, արձանագրեց, որ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցը գլխավորապես հանգում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առկա կարգավորումների պայմաններում «վարչական պատասխանատվության ենթարկված անձը վարչական մարմնի կողմից իրավախախտման շարունակվող և տևող որակվելու հանգամանքին հակադարձելու հնարավորություն չի ունենա, որովհետև հստակ չի կարող ընկալել, թե կոնկրետ ո՞ր դեպքում իր կողմից կատարված իրավախախտումը ինչո՞ւ է վարչական վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել տևող կամ շարունակվող»:
Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` փաստ է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված չեն «տևող և շարունակվող իրավախախտում» եզրույթները: Իրավական ակտերի մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ, կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտում պետք է տրվեն դրանց սահմանումները:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: