Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2015թ. սկզբից մեր երկրում իրականացվում է սկրինինգային ծրագիր։ Նպատակը հիվանդացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների` զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը և վերահսկումն է։
ՀՀ Առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակն այն իրականացվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և դրամաշնորհով։
Անվճար սկրինինգային հետազոտությունները մինչ օրս իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում, տեղամասային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով:
2015 թվականի հունվարից բնակչության նշված խմբերում իրականացվել է շուրջ 1.5մլն սկրինինգային հետազոտություն: Ընդ որում, շուրջ 675 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, շուրջ 444 հազար քաղաքացի` արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, ՊԱՊ թեստի հետազոտություն իրականացվել է շուրջ 165 հազար կանանց մոտ, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 43 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն:
Հետազոտությունների ներկայացված թվերը, ինչպես նաև ընդգրկվածության տարեցտարի արձանագրվող դինամիկ աճը վկայում են այն մասին, որ բնակչության շրջանում արմատացած կարծրատիպերը և սկրինինգների կարևորության գիտակցումը, թեև դժվարությամբ, բայց ենթարկվում են փոփոխության: Այն թերևս արդյունք է ԱԱՊ բուժանձնակազմի կողմից բնակչության շրջանում կատարվող բացատրական աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվող հանրային իրազեկման միջոցառումների։
Նշենք, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատված, միջազգային և հատկապես զարգացած երկրների մոտեցումներին համահունչ այս ծրագրով, ի սկզբանե, նպատակ է դրվել 2015-2018թթ. ընթացքում ընդգրկել բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ռիսկային խմբերում գտնվող բնակչությանը և հատկապես` կանանց, գնահատել սեփական առողջությունը, օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել պոլիկլինիկաներ և անվճար հետազոտվել։
Հ.Գ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում մշակվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում» և «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեցի կանխարգելում» ուղեցույցները, որոնք տրամադրվել են առողջության առաջնային պահպանման բոլոր բուժհաստատություններին։
Երևանում և հանրապետության բոլոր մարզերում վերապատրաստվել է շուրջ 2700 բուժաշխատող` ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, բջջաբաններ և 900 ադմինիստրատիվ անձնակազմ։
Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ՊԱՊ թեստի հետազոտությունները կենտրոնացված ձևով իրականացվում են հանրապետության 37 լաբորատորիաներում, որոնք հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով։
Բնակչության իրազեկվածությունն ապահովելու նպատակով նկարահանվել են սոցիալական տեսահոլովակներ, որոնք հեռարձակվել են հանրային հեռուստաալիքով։ Կիրառվում են հանրային իրազեկման տարբեր հարթակներ։