կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-15 14:22
Քաղաքական

Շատ երկրներ ցանկանում են մեր փորձն ընդօրինակել` զինակոչի հետ կապված խնդիրները լուծելու համար. Մախմուդյան

Շատ երկրներ ցանկանում են մեր փորձն ընդօրինակել` զինակոչի հետ կապված խնդիրները լուծելու համար. Մախմուդյան

ՀՀ սահմանադրական կարգերի փոփոխությունները` նախագահականից կիսանախագահականի, ապա խորհրդարանականի անցում, ինքնանպատակ չի եղել, ոչ էլ դրանով մոդային է տուրք տրվել. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

Ըստ պատգամավորի` միջազգային պրակտիկան մեզ հնարավորություն է տվել հետևություն անելու, թե որն է ճիշտ կառավարման համակարգը մեր երկրի համար: Չնվազեցնելով նախորդ խորհրդարանների դերը` նա նշեց, որ 2017 թվականի 6-րդ գումարման ԱԺ-ի դերն ու գործառույթները բոլորովին այլ են: «Հայաստանը, հատկապես պաշտպանական քաղաքականության դերի առումով, կարող է ավելի սրընթաց զարգացումներ ունենալ, եթե մեր հարևան Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով հանդես չգա: Ինչևէ, ժողովրդավարության զարգացմանն ուղղված անհրաժեշտ խորհրդարանական վերահսկողությունը կոչված է բարձրացնել անվտանգության մարմինների վարկանիշը, ինչպես նաև ապահովել բաց և թափանցիկ հանրային կառավարում»,- հայտարարեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ ԶՈւ կառավարման ոլորտի թափանցիկությանն ուղղված քայլերի մի մասն արտացոլված է հանրային իրազեկման հայեցակարգում: «Հայեցակարգով սահմանված է նաև, որ բանակաշինության և զինված ուժերում առկա վիճակի մասին հասարակական տեղեկացվածությունը բավարար հիմք կդառնա` զինվորական կարգապահության ապահովման պատրվակով անհատի իրավունքների խախտումը բացառելու համար: Սրան օգնության կգա խորհրդարանն իր համապատասխան մշտական հանձնաժողովի միջոցով»,- բացատրեց նա:

Ըստ Մախմուդյանի` զինված ուժերի խորհրդարանական վերահսկողության իրականացման առանցքային իրավական հիմքերը կարգավորում են Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգ-օրենքը և «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը սահմանելու մասին» ԱԺ որոշումը:

Կարևորելով ԶՈւ-ի նկատմմաբ խորհրդարանական վերահսկողության դերն ու նշանակությունը` պատգամավորը շեշտեց, որ այդ վերահսկողության մի քանի ձևեր են նշմարվում, որոնցից մեկը խորհրդարանի անդամների կողմից կառավարության անդամներին գրավոր կամ բանավոր հարցեր ուղղելն է: Երկրորդ ուղղությունը խորհրդարանական կամ այլ հանրային լսումներ ու քննարկումներ անցկացնելն է, և ըստ Մախմուդյանի` այս սեմինարն էլ է այդ ուղղության մեջ մտնում: Ապա պատգամավորը հիշեցրեց վերջերս կայացած` տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ խորհրդարանական լսումները: Ըստ պպատգամավորի` հաջորդ ուղղությունը քաղաքացիների դիմում-բողքների հիման վրա ամփոփ հաշվետվություններ կազմելն ու պատասխանատու մարմիններից պարզաբանումներ ստանալն է:

«Զինված ուժերում այնպիսի համապետական գործընթացի, ինչպիսին զորակոչն է, աշխատանքներին հետևելը և անմիջական կերպով մասնակցելն է, սա մեր հասարակությանն ամենամտահոգող հանգամանքներից մեկն է: Եվ այս ուղղությամբ հաջողվել է տարեցտարի հասնել այն նպատակին, որ առնվազն մինիմալիզացվել է այն դժգոհությունների չափը, որ տեղի էր ունենում զինակոչի ժամանակ»,- ասաց Մախմուդյանը, ապա տեղեկացրեց, որ միջազգային շատ գործընկերներ ցանկանում են մեր փորձն ընդօրինակել, մասնավորապես` այն երկրները, որոնք ունեն կոնֆլիկտային խնդիրներ հարևան պետությունների հետ:

Այնուհետև պատգամավորը խոսեց օմբուդսմենի դերի կարևորության մասին այս խնդրում: «Խորհրդարանական վերահսկողությունը չի կարող համարվել մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բոլոր հիվանդությունների դեղամիջոցը, բայց կարող է նպաստել մեր ունեցած խնդիրներն ու բացերը օրենսդրության նախաձեռնություններով լուծում տալուն: Ստեղծել զինվորական օմբուդսմեն, թե` ոչ. մենք կարող ենք արձանագրել մեկ բան` խորհրդարանի և ՄԻՊ աշխատանքները խորհրդարանական վերահսկողության արդյունք են»,- հայտարարեց նա:

Ամփոփելով ելույթը` Մախմուդյանը նշեց, որ նպատակը մեկն է` ունենալ մեկ միասնական պատուհան այն բնագավառում, որը չափից ավելի նուրբ է: «Հաշվի առնելով երկրի անվտանգության, պաշտպանական ոլորտի եղած առանձնահատկությունները` մենք կարող ենք հասնել մեր նպատակին, եթե եռանկյունին` խորհրդարան, ՄԻՊ և գործադիր իշխանություն, արդյունավետ գործի և կիրառվի»,- եզրափակեց նա: