կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 18:02
Քաղաքական

Զինակոչի տարիքում գտնվող արական սեռի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ ազգությամբ հայերին արգելվում է լքել Ուկրաինան․ Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական

Զինակոչի տարիքում գտնվող արական սեռի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում՝ ազգությամբ հայերին արգելվում է լքել Ուկրաինան․ Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական

«Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ Ճիշտ է՝ ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ արդեն իսկ գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։

Նրա փոխանցմամբ՝ հեռանալու համար կա նաև մեքենայի ճանապարհ. «Բոլոր նրանց համար, ովքեր ունեն սեփական օգտագործման փոխադրամիջոց, կա նաև այս տարբերակը, սակայն, սա խիստ վտանգավոր և անհարմար միջոց է՝ լքելու տարածքը։ Երկրի արևմտյան մասեր հասնելու համար մեքենայի ճանապարհով Խարկովից մինչև Լվով երեքից չորս օր է տևում, բայցի այդ՝ գոյություն ունեն պարետային ժամեր, որի ընթացքում մեքենայով երթևեկելն ուղղակի անհնար է դառնում», - նշել է նա։
 
 
Խարկովում այս պահի դրությամբ մնացած հայ ընտանիքների վերաբերյալ Համլետ Հովհաննիսյանն ասել է՝ հայկական համայնքից շատերն են փորձում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, հենց հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել՝ քաղաքը լքելու համար. «Մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք, օգնում ենք, տեղեկատվություն ենք տրամադրում, թե ինչ մեթոդներով կարող են դուրս գալ քաղաքից, անհրաժեշտության դեպքում էվակուացման հարմար տարբերակներ ենք փնտրում, եթե կարիք կա՝ պարեն և դեղորայք ենք տրամադրում»։

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել Ուկրաինայում ապրող հայերից, որ զինակոչի տարիքում գտնվող երիտասարդներին թուլ չեն տալիս հեռանալ երկրից, նրանց հետ միասին մնում են նաև ընտանիքների անդամները, հարազատները։ Արձագանքելով՝ Համլետ Հովհաննիսյանը փաստել է, որ զինակոչման տարիքում գտնվող այդ թվում ազգությամբ հայ տղաներին արգելվել է լքել երկիրը։

 
«Անկախ ազգությունից, բոլոր այն տղաները, ովքեր համարվում են Ուկրաինայի քաղաքացի, նրանց էվակուացումն օրինական կարգով արգելվում է։ Սա օրենք է, որի առաջ հավասար է Ուկրաինայի հանրապետության քաղաքացի հանդիսացող ցանկացած արական սեռի ներկայացուցիչ՝ անկախ ազգությունից։ Համայնքը նույնպես այս պարագայում չի կարող որևէ դեր խաղալ, օրենքը խախտել չի թույլատրվում ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»,- ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը։
 Վերջինս հստակ տեղեկատվություն չունի, թե այս պահի դրությամբ քանի հայ է հեռացել Ուկրաինայից, նրանցից քանիսն են վերադարձել Հայաստան։ Համլետ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այդ տվյալները, հավանաբար, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կամփոփի պատերազմական գործողություններից հետո․ տեխնիկական պատճառներով հիմա դա անհնար է իրականացնել։ Չկա նաև ստույգ տեղեկատվություն այն մասին, թե ռազմական գործողությունների արդյունքում հայազգի քանի՞ վիրավոր և զոհված անձ կա։
 

«Խարկովում ռազմական գործողությունների արդյունքում, մարտի 1-ի դրությամբ, հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել։ Նրանք վիրահատության են ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել և հիմա արդեն ապաքինման փուլում են։ Թե որքա՞ն վիրավոր կամ զոհված հայ կա Ուկրաինայում վերջին ռազմական գործողությունների հետևանքով, այս պահին դեռևս պաշտոնական որևէ տվյալ չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Խարկովում հայազգի զոհեր չկան»,- ասել է Խարկովում հյուպատոսի օգնականը։