Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետևանքով սպանված Եղիշե Խաչատրյանի մոր, գործով տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը:
Նշենք, որ նախորդ դատական նիստում Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և տուժողին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այսօրվա դատական նիստում գործով տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի կողմից տրված տեղեկանքը: Հիշյալ փաստաթղթում արձանագրված էր, որ Աբրահամյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, ունի հոդացավեր և այլ հիվանդություններ, ուստի նրան խորհուրդ չի տրվում ներկայանալ դատարան և ցուցմունքներ տալ:
«Տուժող Էմմա Աբրահամյանը չորս դատական նիստերի ընթացքում մանրամասն ցուցմունքներ է տվել, և ամեն նիստից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է: Նման պարագայում նրա ներկայանալն ու ամեն անգամ իր աչքի առաջ կատարված` որդու սպանության դեպքը վերապրելը շատ վտանգավոր կարող է լինել իր կյանքի համար»,- նշեց Ինեսա Պետրոսյանը:
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանն էլ հայտարարեց, որ իր սկեսուրն այլևս դատական նիստերին չի գա: «Ես կարող էի առաջին իսկ նիստից նրան դատարան չբերել, բայց մենք ընտանիքով խնդրեցինք, համոզեցինք նրան, որ գա, այդ ամենը վերապրի, որպեսզի դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատները իմանան, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն, տեսնելով նրա վիճակը, ես փոշմանել եմ: Ես մի մեծ կորուստ տվել եմ, չեմ ցանկանում ևս մեկ կորուստ տալ, իմ սկեսուրն այլևս դատարան չի գա»,-հայտարարեց նա:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալների մեծ մասի մեղադրանքների հիմքում դրված է հենց Էմմա Աբրահամյանի ցուցմունքը, և նրա հարցաքննությունը պաշտպանական կողմի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթաց է:
Ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պնդեց, որ պետք է ապահովվի պաշտպանական կողմի՝ տուժողին հարցաքննելու իրավունքը: «Եթե չի ապահովվում այդ իրավունքը, ապա որևիցե բան չի խանգարում մեղադրողին` հրաժարվել այդ ապացույցից: Տուժողի ցուցմունքներում կան էական հակասություններ, նա միակ ականատես վկան է, ում ցուցմունքից շատ բան է կախված»,- ասաց նա:
Ամբաստանյալ Արտաես Չիոյանի պաշտպան Մահրան Պողոսյանն էլ նկատեց, որ տուժողի հարցաքննությունը չի վավարտվել նրան հարցաքննելու հնարավորություն չեն ունեցել անգամ ամբաստանյալներն, իսկ քերական դատավարությամբ հարցաքննությունը կիսատ թողնել նախատեսված չէ:
Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորություն է, թե Մեյթիխանյանն է կառավարել նախաքննության ընթացքը, հիմա էլ փորձում է կառավարել դատաքննությունը` ասելով, որ կարող էր սկեսուրին չբերել, բայց բերել է:
Այսպիսով` ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին միջոցներ ձեռնարկել տուժողի ներկայությունը դատական նիստում ապահովելու և նրան հարցաքննելու համար:
Մեղադրող դատախազն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքը չի հրաժարվի Էմմա Աբրահամյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքներից: «Ես այդ ապացույցից չեմ հրաժարվել, չեմ հրաժարվում և չեմ հրաժարվելու»,- ասաց նա:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նշեց, որ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքում գրված չէ, թե որքա՞ն ժամանակ նա չի կարող մասնակցել դատական նիստերին: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ իրենք մինչև հաջորդ դատական նիստ կներկայացնեն նման փաստաթուղթ:
Դատարանն էլ պաշտպանական կողմին ժամանակ տվեց տուժող կողմի ներկայացրած բժշկական փաստաթուղթն ուսումնասիրելու և այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 18-ին: