Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ստորագրվեց ԱԻՆ և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության միջև խորհրդատվական հանձնաժողովի նիստի քննարկումների արձանագրությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ ԱԻՆ աշխատակազի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 2-րդ քարտուղար Մեգումի Մաեկավան:
Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և շահագրգիռ բոլոր դերակատարներին աջակցության համար՝ Գ. Հայրապետյանն ընդգծեց, որ այս արձանագրության ստորագրումը հայ-ճապոնական համագործակցության տրամաբանական շարունակություններից մեկն է:
Մ. Մաեկավան նշեց, որ իրենց համար շատ խորհրդանշական է այս գործթընթացի կազմակերպումն ու ավարտական փուլի կայացումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին ընդառաջ:
«Ես լիահույս եմ, որ այս ծրագիրը էլ ավելի կապրանդի հայ-ճապոնական երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը», - եզրափակեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 2-րդ քարտուղարը:
Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 13-ին: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 միավոր արագ արձագանքման մեքենա: Դրանք համալրված կլինեն հիդրավլիկ կտրող համակարգերով և նախատեսված են քաղաքային պայմաններում կիրառության համար: Կարձագանքեն ինչպես ճանապարհատրանսպորտային պատարահների և փոքր մասշտաբի կանչերի, այնպես էլ՝ ճառագայթային և քիմիական վթարների:
Նշենք, որ այս ծրագրի 2014թ. ֆինանսական տարում ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրվել էր օպերատիվ կառավարման 6 մեքենա, որի գործակալ նույնպես հանդես է եկել Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգը (JICS):