| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաև կրթության բնագավառին՝ այդպիսով սեփական բիզնեսի համար պատրաստելով նաև բարձրակարգ կադրեր:
Նա ավելացրել է, որ պետությունը շահագրգռված է բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությամբ և վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում առկա մեծ ներուժի իրացմանը: «Կառավարության այսօրվա նիստում ևս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարևորագույն կարգավորումներ են նախատեսում:
Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետություն-մասնավոր հատված համագործակցության մասով ևս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Ժան Իվ Շարլիեն ևս կարևորել է կրթական ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով, արդեն իսկ պատրաստ են 2018 թվականի համար Հայաստանում նախատեսված միջոցառումները: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես, հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում «ՎԵՈՆ»-ի ներգրավման հնարավորություններին: