Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավրովի ասածում որևէ աննախադեպ բան չկար. լագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Լավրովի` Հայաստան կատարած այցին:
«Ռուսաստանն ընդգծված ձևով ցույց տվեց, որ գոնե այս պահին մտադիր չէ հանդես գալ Արցախի խնդրի լուծման առանձին պլանով, որի մասին խոսում էր ապրիլյան պատերազմի ընթացքում»,- ասաց նա:
Մեհրաբյանի խոսքով` Լավրովը շեշտել է, որ, չնայած ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկայիս հակասություններին, Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ համագործակցում են: Ըստ նրա` Ռուսաստանի վերջնական նպատակը Արցախյան հիմնահարցը Մինսկի խմբի տիրույթից դուրս բերելն ու Մոսկվայի տիրույթ տեղափոխելն է:
Հանդիպմանը ներկա հետախույզ Վովա Վարդանովի կարծիքով` Ռուսաստանի նպատակն ամբողջ Հարավային Կովկասում, այդ թվում` նաև Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայումն է: «Մենք նրանց խաղաղապահներից կուշտ ենք: Չենք մոռացել տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, մինչ այդ էլ` բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս բերելը: Հուսանք` նրանց այդ ցանկությունը նրանց փորում կմնա»,- ասաց նա:
Այնուհետև բանախոսներն անդրադարձան Նախիջևանում տեղի ունեցած` ադրբեջանական զորքերի զորավարժություններին: «Ռուսաստանից գնած զենքի շնորհիվ Ադրբեջանը ձեռք է բերել այնպիսի հնարավորություններ, որոնց շնորհիվ մտմտում է հարձակողական օպերացիայի մասին: Ադրբեջանը ցանկանում է նախապատերազմական ստատուս քվո: Նրանք ասում են` մեզ տվեք այն ամենը, ինչ մենք կորցրել ենք մեր հրահրած պատերազմում, այլապես մենք նոր պատերազմ կհրահրենք: Բաքուն լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում»,- ասաց Մեհրաբյանը:
Ըստ նրա` Հայաստանը պետք է պատրաստվի այս ամենին, քանի որ հայտնի խոսք կա՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, պատրաստվիր պատերազմի:
Վովա Վարդանովն էլ ասաց, որ Նախիջևանի զորավարժությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը զարգանում է: «Եթե նախկինում զորավարժությունների մասնակիցների թիվը մի քանի հարյուրն էր, հիմա` 15-20 հազար: Սա նշանակում է, որ թուրքը զարգանում է, սովորում է պատերազմել: Մյուս պատերազմն ավելի վտանգավոր է լինելու»,- ասաց նա:
Մեհրաբյանն էլ հավելեց. «Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի և չի խորշում դա ցույց տալ, բայց նրանք պետք է հասկանան` ինչ գին է նստելու նրանց վրա այդ պատերազմը»:
Վարդանովն էլ շեշտեց, որ պատերազմը երբեք էլ չի դադարել, որ վերսկսվի: