Այսօր Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Արցախի որոշ տարածքներ հանձնելու մասին ինքն ու Սերժ Սարգսյանը խոսակցություն են ունեցել:
Մեհրաբյանը նշեց, որ Լուկաշենկոյի ասածներից մեկ հետևություն կարելի է անել` Մոսկվան և Բաքուն դուետով անպարկեշտ առաջարկություններ են արել Հայաստանին: «Սա ես չեմ ասում, սա Լուկաշենկոն է ասում: Լուկաշենկոն, փաստորեն, այդ իմաստով միանում է Բաքվի և Անկարայի հռետորաբանությանը ընդդեմ Մինսկի խմբի: Փաստորեն, Լուկաշենկոն հաստատում է այն, ինչ մինչ հիմա ասվում էր` 2016 թվականից խոսվում էր Լավրովի պլանի մասին, ինչը Լավրովն ի սկզբանե ժխտում էր, իսկ Լուկաշենկոն հաստատում էր, որ Լավրովը սուտասան էր»,- ասաց վերլուծաբանը:
Մեհրաբյանը նշեց, որ տարածքների հանձնումն ուղղակի անհավանական է, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, և պարզ չէ` որպես ի՞նչ են զիջվելու այդ տարածքները, և Հայաստանն ի՞նչ է ստանալու դրա դիմաց: «Միայն խոսում են Հայաստանի` ինչ-որ բան տալու մասին: Ոչ, մենք տալու ոչինչ չունենք: Մենք մեկ խնդիր ունենք, որ բոլորն ընտելանան` կան երկու հայկական պետություններ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ աշխարհը դա ճանաչի: Մնացած բոլոր տարբերակները նշանակում են հայերի ցեղասպանություն Արցախում: Ուրիշ տարբերակ չունեն ներկայիս իշխանությունն ու միջազգային հանրությունը, մնացածը դիվանագիտության հարց է»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով` ժամանակն է հասկանալ, որ նրանք, ում մենք դաշնակից ենք համարում, ամենևին էլ դաշնակից չեն:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Մեհրաբյանը նշեց, որ դրանք աննորմալ բնույթ են կրում, և 20 տարուց ավելի նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքները հնարավոր չէ 7 ամսվա ընթացքում վերացնել:
«Ներկայիս իշխանությունները պատրաստ չեն Ռուսաստանի հետ առճակատման գնալ և ճիշտ են անում, որ չեն գնում, բայց, մյուս կողմից, սխալ ազդանշան է գնում այստեղից Մոսկվա: Մեկն, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանի` Բուրունդիի, Զիմբաբվեի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկելն էր փաստաթղթին, որը դատապարտում էր ՌԴ-ի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014-ին բռնակցված թերակղզու տարածքում: Այս խայտառակությանը պետք է վերջ տալ, սա չի բխում ՀՀ-ի շահերից: Սա կապ էլ չունի ՀԱՊԿ-ի հետ, քանի որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանն ու Ղազախստանը ձեռնպահ էին քվեարկել»,- ասաց Մեհրաբյանը` հավելելով, որ Ադրբեջանն ընդհանրապես չէր էլ մասնակցել քվեարկությանը, և փաստորեն, դա այնքան էլ վախենալու չէ:
Մեհրաբյանի խոսքով` Հայաստանը վստահաբար կարող էր գոնե չմասնակցել քվեարկությանը, եթե ձեռնպահ քվեարկելն այդքան վախենալու էր: Ըստ նրա` մենք որևէ պատճառ չունենք մեր հարաբերությունները փչացնելու Ուկրաինայի և նրա թիկունքին կանգնած միջազգային հանրության հետ: