կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-21 17:50
Հասարակություն

Գերազանցության, նորարարության կենտրոններ, անօդաչուների լաբորատորիա՝ պոլիտեխնիկի նոր ուղին

Գերազանցության, նորարարության կենտրոններ, անօդաչուների լաբորատորիա՝ պոլիտեխնիկի նոր ուղին

Օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգը շահագործման հանձնեց  «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը:  Հունիսի սկզբին էլ աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր»-ի և ՀԱՊՀ-ի ներդրումներով «Գերազանցության» կենտրոն էր բացվել բուհում: Ի՞նչ հնարավորություններ կտա կենտրոնների գոյությունն ուսանողներին և բուհին: Yerkir.am-ը զրուցել է ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի հետ:

-Գործատուների հետ համագործակցությունն ինչպե՞ս է սկսվել, ասում են՝ գործատուն դժվար է հանգում կրթական ոլորտում ներդրում անելու որոշմանը:

-Երբ երկրորդ անգամ ստանձնեցի այս հաստատության ղեկավարի պաշտոնը, վերլուծության ենթարկեցի մեր և գործատուների հարաբերությունները, տեսա, որ կան  որոշ գործատուների հետ համագործակցության եզրեր, որոնք համալսարանի համար կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել՝ կրթության որակի բարելավման տեսանկյունից: Բնականաբար, աչքի առաջ ունենալով «Սինոփսիս»-ի հետ հաջող փորձը, սկսեցինք նոր ծրագիր մշակել: Մի փոքր այլ ուղղությամբ քայլեր իրականացրեցինք, այսինքն՝ այնպես անել, որ գործատուն ինքը շահագրգռված լինի մեր հաստատության սահմաններում ստեղծել անհրաժեշտ հագեցվածության տեխնիկական և կազմակերպչական գործիքամիջոցներ, որոնք կնպաստեն նրա համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման որակի բարելավմանը: Բնականաբար, առաջնահերթությունը տրվեց էներգետիկ ոլորտին, մանավանդ՝ հայտնի է, որ մենք սկսել ենք ներհամալսարանական նոր կառույցների ձևավորման գործընթաց: Այսօր համալսարանում գործում է 3 ինստիտուտ՝ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, Մեխանիկամեքենաշինական, տրանպորտային համակարգերի և դիզայնի, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների էլեկտրոնիկայի ինստիտուտը: Բնականաբար, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտն առանձնանում է: Գաղտնիք չէ, որ մենք ունենք բավական հզոր և գործող էներգահամակարգեր: Այս ոլորտի գործատուների հետ հարաբերությունները մեզ տարան դեպի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»: Մեր շրջանավարտների ասոցացիայի նորընտիր նախագահը՝ Սամվել Կարապետյանը, իր վրա վերցրեց առաքելություն՝ իր գիտելիքների ձեռք բերման օջախում ստեղծել այնպիսի հնարավորություններ, որենք հարիր կլինեն այսօրվա կրթական ծրագրերի իրականացմանը: Պետք է շնորհակալական խոսքս հղեմ նրան, քանի որ որևէ խնդիր, որն առաջացել է այս ժամանակահատվածում, կապված կապիտալ վերանորոգման, գործիքամիջոցներով հագեցման, տեխնիկական վերազինման հետ, միայն դրական արձագանք է ստացել: Նա, ի դեպ, մեր բուհի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետն է ավարտել և հպարտորեն նշում է, որ ինժեներական գիտելիքներն իրեն մեծ օժանդակություն են ցուցաբերել բիզնես ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Էական նշանակություն ունեցավ այն, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը ևս մեր շրջանավարտն է՝ Կարեն Դարբինյանը:

-Որքա՞ն գումար է ծախսվել աշխատանքների համար, և արդյունքում ի՞նչ է շահելու ուսանողը:

-Մենք արդեն շահագործման ենք հանձնել Schneider Electric-«Տաշիր»-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամ գերազանցության կենտրոնը, և դրա ստեղծման հիմնական ծանրաբեռնվածությունը կրեց ՀԷՑ-ը, որը 56 մլն դրամի ներդրում կատարեց: Դրան հաջորդեց երկրորդ փուլը, որը մենք անվանում ենք բարեփոխումների, կապիտալ վերանորոգման փուլ, այն ավարտվեց վերջերս: Գերազանցության նոր կենտրոնի բացումը տեղի ունեցավ ՀՀ նախագահի մասնակցությամբ: Երկրորդ հարկաբաժնի հնարավորություններն օգտագործվեցին երկու նոր լաբորատորիաների ստեղծման համար, որն անվանում ենք «Կասկադ էներգո»: Առաջին լաբորատորիայում տեղադրված են բարձր, միջին և ցածր լարման էներգասարքավորումներ, որոնք այսօր տեղ են գտնում մեր ցանցերում և ամենաժամանակակից սարքավորումներն են: Մյուս լաբորատորիան, որն այսօր խիստ անհրաժեշտ է մեզ, էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի կիրառման լաբորատորիան է: Այստեղ էլ տեղադրված են այն ժամանակակից հաշվիչների օրինակները, որոնք բացառում են հաշվիչի գործունեության ընթացքում որևէ միջամտություն: Այսինքն՝ յուրաքանչյուր աբոնենտ իր ծախսած էլեկտրաէներգիայի և գանձվելիք գումարի մասին լիարժեք տեղեկատվություն կարող է ստանալ իր բջջային հեռախոսի միջոցով: Բացի այդ՝ կարող է իր տանը տեղադրված փոքրիկ սարքի միջոցով ինֆորմացիա ստանալ, թե որ սարքն  ամենաշատնէ  էլեկտրաէներգիա ծախսում: Ինձ ուրախացրեց լուրը, որ շուտով Հայաստանում սկսվելու է այդ սարքերի արտադրությունը, և դրանք կարտահանվեն Ռուսաստան, այսինքն՝ ինժեներական միտքը հիմք է ծառայում սկսելու այն սարքերի արտադրությունը, որոնք «Խելացի քաղաք», «Խելացի տուն» ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ են:

-Ստացվում է՝ ուսանողը հենց ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքներ է ձեռք բերում, այսինքն՝ ինչ-որ տեղ լուծվում է «ձևական» պրակտիկաների խնդի՞րը:

-Այո, քանի որ ուսանողը պետք է անպայման ոչ թե պրակտիկայի ժամանակ ծանոթանա սարքավորման հետ, այլ որոշակի դասընթացների ընթացքում: Պարտադիր չէ, որ ուսանողը պրակտիկայի այդ 4 շաբաթվա ընթացքում, այն էլ եթե մի փոքր ոչ հաջող կազմակերպված եղավ, արագ-արագ փորձի տիրապետել այդ սարքավորումներին: Գաղտնիք չէ՝ շատերը պրակտիկային մատների արանքով են նայում, իսկ այստեղ գործատուն իրականացրել է իր առջև դրած առաքելությունը և բուհին ասում է՝ ես ձեզ ապահովում եմ անհրաժեշտ լաբորատորիաներով, դուք էլ ապահովեք անհրաժեշտ որակյալ կրթություն և ինձ տվեք համապատասխան մասնագետներ: Ի դեպ, սա մոտիվացնում է նաև ուսանողությանը: Ավելին` հենց «Տաշիր»-ի առաջարկով էլ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի դիզայնի մասնագիտության ուսանողների համար սահմանվեցին անվանական կրթաթոշակներ. սեպտեմբերի 1-ից 55 ուսանող կստանա կրթաթոշակ՝ յուրաքանչյուր ամիս 250 000-ական դրամ գումարի չափով: Բացի այդ՝ գործատուն հայտարարել է  նաև, որ ուսանողները, ովքեր հետագայում ՀԷՑ-ում կաշխատեն, նրանց մեկնարկային աշխատավարձը կսկսվի  1500 դոլարից: Այսինքն՝ տեսնում ենք, որ գործատուն հնարավորինս մոտիվացնում է ուսանողին, և այս դեպքում ուսանողին մնում է միայն լավ սովորել:

-Իսկ դասախոսական կազմը որքանո՞վ է պատրաստ այս փոփոխություններին, արդյո՞ք վերապատրաստումների կարիք չկա՝ հաշվի առնելով փաստը, որ լաբորատորիաներին տրամադրված տեխնիկան գերժամանակակից է:  

-Այժմ մեր 8 դասախոսները վեբինարների շարք են անցնում, որոնք իրականացվում են Schneider Electric-ի մասնագետների կողմից: Այդ ութ դասախոսներից չորսը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ վերապատրաստման: Մենք նպատակ ունենք հետագայում ինքներս վերապատրաստում իրականացնել, այսինքն՝ համալսարանն ինքը կկազմակերպի դասընթացներ՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ: Բացի այդ՝ մենք խնդիր ունենք մեր  դասախոսական կազմի հետ՝ տարիքային առումով. գաղտնիք չէ, որ պրոֆեսորադասախոսական կազմը բավականին ծերացել է, դրա համար էլ պետք է  հնարավորություն ստեղծենք, որ երիտասարդ կադրերը համատեղության կարգով այստեղ իրենց աշխատանքը ծավալեն:

-Իսկ այլ ընկերությունների հետ համագործակցության տեսլականներ կա՞ն:

-2019-ի մարտին կլրանա բուհի հիմնադրման 85 տարին: Բնականաբար, մեր գործընկեր կազմակերպությունները որոշակի աջակցություն պետք է ցուցաբերեն: «Տաշիրը» առաջիններից մեկն է, որ իր վրա է վերցնում մի մեծ ու դժվարին առաքելություն, այն է՝ մեր դահլիճի հիմնանորոգումը:  Բացի այդ՝  եկող տարի մեզ մոտ մուտք կգործի «Սիմենս» ընկերությունը և կունենա իր լաբորատորիան ու գերազանցության կենտրոնը, սպասում ենք նաև ABB-ի մուտքին /այն էլեկտրաէներգետիկ ոլորտում հայտնի կազմակերպություն է/: Սրանով մենք ավարտած կլինենք Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում բավականին խոշոր միջոցառումների մի շարք՝ կրթությունը մոտեցնել արտադրությանը, աշխատատեղին, օգտագործել գերազանցության կենտրոնները նորարարությունների և հետազոտական աշխատանքների համար: Սակայն ես որոշակի աջակցություն եմ ակնկալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Տեսեք` բոլորն ասում են, որ տարեկան այսքան թվով մասնագետներ են պետք, այդ դեպքում թող մտնեն բուհ և վարակվեն այն «հիվանդությամբ», որով էներգետիկ ոլորտի գործատուներն են վարակվել՝ ստեղծել բարձրորակ կադրերի պատրաստման հնարավորություններ:

-Պարո'ն Մարուխյան, տեղյակ եմ, որ անօդաչու թռչող սարքերի հետ կապված լաբորատորիա եք պատրաստվում բացել բուհում: Մի փոքր կբացե՞ք փակագծերը, ի՞նչ է դա ենթադրում:

- Այո, մենք նման լաբորատորիա ենք բացելու առաջիկայում: Մենք կարողացանք ցույց տալ մեր հնարավորությունները, և «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամը մեզ նվիրաբերեց 96 մլն դրամ` համապատասխան սարքերը գնելու և տեղադրելու համար այն տարածքում, որը ծառայելու է որպես լաբորատորիա: Դրանք սարքեր են, որոնք հնարավորություն են տալու գրանցելու անօդաչուների թռիչքի բոլոր մանրամասները կոորդինատային համակարգում: Համալսարանն էլ իր ներդրումը կատարեց՝ 26 մլն դրամի չափով, որպեսզի մեր սպորտային համալիրի վերնամասում գտնվող տարածքը վերանորոգենք և որպես լաբորատորիա կիրառենք: Հիմա լաբորատորիայի տեխնիկական հագեցման առաջին փուլն է, և հույս ունենք, որ մարտի սկզբներին այն շահագործման կհանձնենք: Այն, ի դեպ, բաց կենտրոն է լինելու. բոլոր բուհերի ուսանողները կարող են գալ ու մասնակցություն ունենալ: Բացի այդ՝ մենք մագիստրոսական կրթություն կիրականացնենք այդ ոլորտում: 

Պոլիտեխնիկի առաքելությունը տեսնում եմ հետևյալում՝ եթե ուզում եք` տնտեսությունը զարգանա, պոլիտեխնիկը պետք է զարգանա: Եթե նայենք խորհրդային ժամանակահատվածին, ապա այդ տարիներին զարգացման բոլոր փուլերն ուղղակիորեն համընկնում էին պոլիտեխնիկի զարգացման փուլերի հետ: Այժմ փորձ է արվում վերականգնել բուհի երբեմնի փառքը, և այն անկումը, որ ունեցել ենք նախորդող ժամանակահատվածում, ծանր տարիներին, պետք է կարողանալ հաղթահարել: Կարծում եմ՝ վատ շրջանից դուրս ենք եկել: