կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 08:08
Հասարակություն

«Պետական» համարանիշը չի կարող լինել մասնավոր և որևէ պետական հիմնարկի պատկանող․ Գևորգ Դանիելյան

«Պետական» համարանիշը չի կարող լինել մասնավոր և որևէ պետական հիմնարկի պատկանող․ Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ մամլո տեղեկատվության՝ ոստիկանության ՃՈ-ի ղեկավարության կողմից Կառավարության մեծաքանակ, մի քանի հարյուրի հասնող աշխատողների տրվել է «Ստուգման ենթակա չէ» մակագրությամբ վկայականներ, ինչը ժամանակին սահմանափակ կիրառում ուներ սովետական շրջանում, իսկ 1992-97 թթ. լայն տարածում ստացավ, այնուհետև, բարեբախտաբար, մարեց:
 
Դեռ 2008 թ. Կառավարության նախարարական կոմիտեի նիստում առաջարկեցի ներդնել ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ և հավաքել, այսպես կոչված, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՄԱՐՆԵՐԸ, որոնք տրվում էին որոշ պետական ծառայողների (դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն և այլն), որպեսզի վերջիններիս ՃՈ տեսուչները «չանհանգստացնեին»: Բացատրեցի, որ «պետական» համարանիշը չի կարող լինել մասնավոր և որևէ պետական հիմնարկի պատկանող, այն համընդհանուր է, իսկ տեսուչին պետք է ներկայանալ՝ առանց կարգավիճակը փաստող վկայականներն ի ցույց դնելու: Ցավոք, այս առաջարկությունս չանցավ, ընդ որում, առաջին հերթին դիմադրում էին հենց ՃՈ պատասխանատուները, թեպետ՝ հենց իրենք պետք է դրանում շահագրգռված լինեին:
 
Հիմա մի փոքր վիճակագրություն. աշխարհում ամեն օր ավտովթարից մահանում է մոտ 1,5 մլն մարդ (ճիշտ այդքան մարդ մահացել էր կորոնավիրուսից ողջ 2020 թ. ընթացքում), Հայաստանում ավտովթարից տարեկան մահանում է մոտ 250 մարդ, ինչը գերազանցում է արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների ցուցանիշները: Ընդ որում, որոշ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, հետևողական միջոցառումների արդյունքում, ավտովթարների թիվը տարեկան նվազում է 3-6 տոկոս:
 
Հ.Գ. Հայաստանում վերջին տաս տարում ավտոմեքենաների թիվն աճել է մոտ երկու անգամ, բազմակի անգամ ավելացել են տեսանկարահանող սարքերը, դրան կավելանան քաղաքացիների իրազեկումները, բայց այս ամենը երբեք արդյունք չի տա, քանի դեռ Կառավարությունը չի գիտակցել, որ չպետք է լինեն արտոնյալներ, որ դրական տեղաշարժ լինում է ոչ թե խիստ պատասխանատվության, այլ պատասխանատվության անխուսափելիության արդյունքում, այսինքն՝ վերջ տվեք «յուրայիններ» խաղին …»։