կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 16:04
Իրավական

Շիկահողի արգելոցի տարածքում շուրջ 40 ծառի հատման դեպքով նյութեր են նախապատրաստվում

Շիկահողի արգելոցի տարածքում շուրջ 40 ծառի հատման դեպքով նյութեր են նախապատրաստվում

Մի շարք լրատվամիջոցներ ահազանգում են Շիկահողի արգելոցի տարածքում Մզրա գետի ափին շուրջ 40 ծառի հատման մասին՝ հղում կատարելով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վնասի հատուցման հաշվարկը: Համաձայն վերջինիս՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ և 3 ճյուղ, ինչի հետևանքով պատճառված վնասը կազմել է 1.089.154 ՀՀ դրամ:

Սյունիքի մարզի դատախազությունը ստացված արձանագրությունը և կից հաշվարկը նույն օրը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանմված կարգով՝ նյութեր նախապատրաստելու ցուցումով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում արձանագրվել է ևս մեկ ծառի ու վեց ճյուղի ապօրինի հատում, ինչպես նաև ճշտվել են տարածքի կոորդինատները, դրա պատկանելիությունը պարզելու համար:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ խնդիրը գտնվում է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Ենթադրյալ ծառահատում իրականացրած անձի/անձանց մասին լրատվամիջոցներում ներկայացվող տեղեկություններն ու տվյալները սահմանված կարգով կուսումնասիրվեն: Հետագա ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին