Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
6-րդ վարչության մի քանի աշխատակիցների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում Կապանի անձնագրային բաժնի պետին բերման ենթարկելու, 10 օր շարունակ վարչությունում պահելու և նրանից Գրիգոր Պապյանի մահվան գործով բռնությամբ ցուցմունք կորզելու վերաբերյալ: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Վահագն Մանուկյանը և անդրադարձավ Պապյանի մահվան կապակցությամբ քննվող գործին:
Սպանության դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոս ամսին. Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում տեղակայված սրճարանի բացօթյա տարածքում վիճաբանություն է եղել Սահակ Սահակյանի, Գևորգ Թոսունյանի ու Գրիգոր Պապյանի միջև, ինչի արդյունքում վերջինս սպանվել էր: Գործում ներգրավված են Սյունիքի նախկին դատախազ, ամբաստանյալ Էդիկ Հովսեփյանը, ոստիկանության օպեր գծով տեղակալ Ա.Համբարձումյանը, քննիչ Արման Ենգոյանը, ինչպես նաև քաղաքացիներ Կարապետ, Ջորջ և Հակոբ Թոսունյանները: Վերջին երեքին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշներով:
Կարապետ, Ջորջ և Հակոբ Թոսունյանների պաշտպան Մանուկյանի կարծիքով` այդ գործն ընթացել է բազմաթիվ կոպիտ դատավարական խախտումներով: Ըստ նրա` իր պաշտպանյալներին ոստիկանության աշխատակիցներն ապօրինի են կալանավորել:
«Նախաքննության փուլում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, սակայն պաշտպանական կողմը զրկված է եղել փորձաքննության արդյունքները ստանալու հնարավորությունից, անգամ տեղյակ չենք եղել, թե որ փորձագետներն են ներգրավված եղել»,- ասաց նա և հավելեց, որ նաեւ Պապյանի արտաշիրմումը կատարելիս իրենց այդ մասին տեղյակ չեն պահել:
Ներկայումս Սյունիքի դատարանում այս գործով դատաքննություն է ընթանում միայն Հակոբ Թոսունյանի մասով, իսկ մյուսների վերաբերյալ գործը դեռևս նախաքննության փուլում է: Թոսունյանը մեղադրվում է Սյունիքի մարզի դատախազին և քննիչին 100000 դոլար կաշառք տալու մեջ:
Սակայն փաստաբանը նշում է, որ այդ հանգամանքը ո'չ նախաքննությամբ և ո'չ էլ կես տարի շարունակվող դատաքննության ընթացքում չի բացահայտվել: Անդրադառնալով այս գործով մեղադրյալ Ջորջ Թոսունյանին` փաստաբանը նշեց, որ նա զինվորական է և դեպքի ժամանակ ընդամենը եղել է ականատեսի դերում:
Ի դեպ, Մանուկյանը տեղեկացրեց, որ այս գործով կեղծ եզրակացություն տալու համար դատապարտվել է դատաբժիշկ Գագիկ Բաբայանը, սակայն նրա նկատմամբ կիրառվել է վերջերս ընդունված համաներումը, և նա ազատ է արձակվել:
Հակոբ Թոսունյանի գործով դատավարությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում: