կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 17:04
Իրավական

Արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել  է 
դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ 
ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական 
հանցագործությունների վերաբերյալ ստացած  64 դեպքի մասին ահազանգ, որոնց 
ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից 
իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:

  Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության 
աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող զանգվածային լրատվամիջոցների 
հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ առերևույթ 
տվյալներն ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ 
դատախազություն ներկայացված դիմումներով և հաղորդումներով, ինչպես նաև ՀՀ 
ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերով:

  Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և 
հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության 
օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են 
նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ 
քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 
խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):

  Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով 
իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց 
արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ 
հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

  Դրանցից՝

7-ը վերաբերում ՝է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն
1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն,
2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն,
1-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ բարեգործության արգելքին,
21-ը՝ այլ դեպքերի:

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ 
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում 
հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, 
քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելուն և հաշվառելուն, 
հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու 
հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության 
արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, որոնց հետագա 
արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: