կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 16:32
Հասարակություն

Կրթության ազգային ինստիտուտում կստեղծվի դասագրքաստեղծ կենտրոն

Կրթության ազգային ինստիտուտում կստեղծվի դասագրքաստեղծ կենտրոն

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի գրողների միությունում հանդիպեց ՀԳՄ նախագահի ու գրողների, խմբագիրների հետ` քննարկելու համագործակցության նոր եզրեր:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ կան մի քանի լուրջ ուղղություններ, որտեղ հստակ զգացվում է ստեղծագործական ուժերի օգնության կարիքը, և առաջիկայում ԿԳՆ-ն ծրագրում է վերականգնել Տերմինաբանական խորհուրդը, բացի այդ` օտար լեզուների հայեցակարգն են մշակում, դասագրքերի շուրջ կա հասարակական դժգոհություն` լեզվի որակի և ծանրաբեռնվածության իմաստով:

«Կրթության ազգային ինստիտուտում դասագրքաստեղծ կենտրոն ենք ստեղծելու, որը ոչ թե դասագիրք պետք է գրի, այլ կազմի դասագրքերի բովանդակությունը, և այդտեղ մասնագիտական հմտությունների կարիք է լինելու: Դասագիրք գրելը մշակույթ է, և այդ կենտրոնում պետք է ունենանք մարդիկ, ովքեր պետք է վերապատրաստված լինեն: Կարող է հասնենք նրան, որ մագիստրոսական ծրագիր ներդնենք` մասնագիտություն հենց դասագրքաստեղծ գործով: Կփորձենք նաև մեր մտավորական տարբեր շերտերին, ըստ ոլորտների, համախմբել, քանի որ սրանք այն ոլորտներն են, որտեղ, առանց խորհրդատվության, նախարարությունը չի կարող իր ուժերով հաջողության հասնել»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հնարավոր է` ստեղծվի մասնագիտական փոքրիկ օղակ, որ յուրաքանչյուր առարկայի համար գրի պահանջներ: Մկրտչյանը հավաստիացրեց` դասագրքերի ստեղծման գործընթացում, բնականաբար, ուսուցիչները նույնպես ընդգրկված լինեն այս գործընթացում: «ՀԳՄ-ն մեր ամբողջ մանկապատանեկան ձեռնարկների փորձագիտական հիմնարկ կարող է հանդիսանալ, օրինակ` Էդվարդ Միլիտոնյանը մեր լավագույն մանկագիրներից է, և նրանից լավ ոչ ոք չի կարող ասել` այսինչ գիրք պե՞տք է մտնի դպրոց, թե՞ ոչ»,- ասաց նա:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նախարարին առաջարկեց վերանայել դասագրքերի բովանդակությունը: «Տարրական դասարաններում կան բանաստեղծություններ, որոնք ես չէի սովորի, կան բանաստեղծություններ, որոնց հեղինակներն ընդհանրապես հայտնի չեն: Բացի այդ` ժամանակակից գրականությունը դուրս է մնում դպրոցական ծրագրերից, ինչը մեծ խնդիր է, քանի որ մենք ժամանակակից գրականության առկա իրողությունը տեսնում ենք, և ես չեմ վախենա ասել, որ մեծ անուններ ունենք: Ստացվում է` երեխան կտրված է ժամանակակից գրականությունից, և տարիներ անց երեխան կմեծանա ու չի էլ իմանա, որ իր ժամանակաշրջանում հետաքրքիր գրողներ են եղել»,- ասաց նա:

Նախարարի հետ քննարկման ժամանակ բանաստեղծ Արևշատ Ավագյանն էլ նշեց, որ, իր կարծիքով, խաղերը չպետք է առարկայի տեսքով մտնեն դպրոց: Որպես օրինակ` նա շախմատը նշեց, որն, ըստ բանաստեղծի, պետք է զուտ խմբակ լինի, և երեխան որոշի` զբաղվե՞լ դրանով, թե՞ ոչ:

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն էլ նշեց, որ գրական մամուլը չի մտնում դպրոց, և ուսուցիչներն էլ տեղյակ չեն` ի՞նչ գործեր են գրվում կամ հրատարակվում: Նա առաջարկեց, որպեսզի դպրոցներն իրենց բյուջեում ներառեն նաև գրական մամուլին հատկացվող գումար: