Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական «Ռադիկալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոդվածի հեղինակը նշում է, որ հենց ինքը` Սաբիհան, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12 տարեկան հասակում` 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով Աթաթուրքին` վազել է նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել նրան, որ որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա:
Հոդվածում ներկայացվում է Սաբիհայի կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը: «2004-ին Հրանտ Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը: Այդ հոդվածը մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մահ էին տանում»,- գրում է Այշե Հյուրը:
Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը նրան պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ ընկնեն դեպի Հալեպ: Սեբիլջյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է ընկել: Նրանց առաջին կանգառը եղել է Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշել են երեխաներին հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա Հաթունը հայտնվել են որբանոցում:
1918թ. հոկտեմբերի 30-ին` Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, իրենց տները վերադառնալ խիզախած հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք, հասնելով Այնթափ, գնում են միսիոներական որբանոց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է որբանոցներով ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն` Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն: Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեի մոտ, որի մահից հետո` 1923թ., տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը նրան Անկարա է տարել: Դինքի հոդվածում ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին` Աբրահամ Կարապետյանը, 1955թ. Հաթունին գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում են, նկարվում:
Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։
Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հոդվածը, որում առաջ էր քաշվում այն գաղափարը, թե պատահական չէ, որ Դերսիմի կոտորածներում որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն: «Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել, և այդ ջարդն իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել»,- գրում է Գյունդողանը:
Քազիմ Գյունդողանը հոդվածում նշում է, որ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի: «Օսմանյան ժամանակաշրջանից մինչև մեր օրերը իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված «կորած աղջիկների» խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ` Դերսիմի ջարդերն ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացն» առաջ տանել ցանկացող իշխանությունների` այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է: 21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտություն է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»,- ընդգծում է հոդվածի հեղինակը: