Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները, ինչպես նաև խոսել սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հատված` ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ.
«Պարոնա՛յք ոստիկաններ,
Երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր: Այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգևորիչ է:
Միաժամանակ պետք է փաստել, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ: Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում:
Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով և մրցունակ երկրների շարքում:
Այս նպատակադրումը, անշուշտ, իր մեջ տնտեսական տարր է պարունակում: Անվտանգ միջավայրը, անկասկած, նպաստում է և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ ներդրումների աճին:
Բացի այդ, խիստ կարևորում եմ հասարակական համերաշխության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը: Այստեղ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրականացնել իր իրավունքները կամ կատարել իր պարտականությունները՝ չվնասելով այլոց իրավաչափ շահերը:
Անշուշտ, կան և լինելու են անհատներ, ովքեր փորձելու են իրենց սահմանադրական իրավունքները և ազատությունները պատշաճ իրականացնող անձանց հաշվին իրացնել սեփական կամ խմբային նկրտումները: Ուստի, ոստիկանությունը միշտ պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքելու տարաբնույթ երևույթներին: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի տարբեր հարթություններում դիտարկելու ակնհայտ իրավախախտին և իր քաղաքացիական իրավունքից բարեխղճորեն օգտվողին կամ մասնագիտական պարտքը կատարողին:
Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը: Իշխանության կողմից մարդու իրավունքներին և ազատություններին ոչ իրավաչափ միջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է:
Պարոնա՛յք ոստիկաններ,
Չեմ կարող չխոսել ճանապարհային ոստիկանության մասին: Դրա բարեփոխումների գործընթացը եղել և մնում է իմ առաջնահերթությունների շարքում:
Անշուշտ, պետք է դրական գնահատել այս ոլորտում կատարվող աշխատանքը: Կարծում եմ՝ մեր վարորդների համար ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները: Նաև պետք է ճանաչենք, որ նվազագույնի են հասել չարաշահման դրսևորումները:
Իհարկե, ոստիկանը պետք է աներկյուղ լինի իր աշխատանքում և չհաշտվի անօրինականության հետ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ոստիկանը մտրակով վերակացու պետք է լինի փողոցում: Ոստիկանը պետք է ուղղորդի քաղաքացուն, օգնի և պարզաբանի ճիշտ ճանապարհը: Երևան քաղաքի շարունակաբար բարդացող ճանապարհային երթևեկության պայմաններում բարեկիրթ պարզաբանումը և նախազգուշացումը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեխանիկաբար տուգանք դուրս գրելը: Նման վարքագիծը, անկասկած, կմեծացնի ոստիկանի հանդեպ հանրության հարգանքն ու վստահությունը: Ասածս ճիշտ հասկացեք՝ սա այլ բան չի նշանակում: Սա նշանակում է, որ աշխատանքում պետք է օգտագործել տարբեր մեթոդներ:
Կարծում եմ, որ տարեսկզբին հաստատված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը» մոտ ապագայում այս առումով տալու է իր նկատելի արդյունքը:
Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով:
Հարգելի՛ գործընկերներ,
Օրինազանց և կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար: Նա ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը:
Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր են, բայց բավարար չեն: Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը: Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ: Կարևոր է, որպեսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը տարբեր երևույթների դեմ: Համոզված եղեք, եթե նրանք տեսնեն, ապա տասն անգամ կմտածեն, նոր ինչ-որ բան կանեն: Եվ ընդհանրապես, միայն այդ ձևով կարելի է հասնել համակարգում լուրջ խնդիրների լուծմանը: Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե տեսան, որ ղեկավար կազմը ելնելով, այսպես ասած, տարբեր հանգամանքներից, հատկապես նրանից, որ լավ կադրեր չկան կամ չգիտեմ՝ տարբեր այլ պատճառներից, ներողամտություն է ցուցաբերում, ընդհանրապես հակված չէ խիստ պատժելու, ապա գործերը միշտ լինելու են մեզ ոչ բավարարող:
Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք համոզիչ կլինեն Հայաստանի ժողովրդի համար, ում ծառայելու է կոչված ոստիկանությունը: Դուք պետք է հստակ ցույց տաք ապացուցվեք, որ ոստիկանները լինելու են շատ ավելի զգոն, շատ ավելի բարեխիղճ և շատ ավելի պատրաստված ու կարգապահ:
Մենք կարող ենք հասնել և պետք է հասնենք դրան: Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը, նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում: Վստահ եղեք, որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստահ եղեք, որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ: Միգուցե այսօր կամ մեկ այլ առիթով ոստիկանապետն արդեն ձեզ կտեղեկացնի, թե մենք ինչպիսի սոցիալական խնդիր ենք լուծելու սկսած 2018թ. հունվարի 1-ից: Կարծում եմ՝ մենք դեռ հավելյալ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ոստիկանության հետագա գործունեությունը: Հուսով եմ, որ այդ ժամանակ կկարողանանք խոսել և արձանագրել զգալի ձեռքբերումներ:
Բոլորիդ մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն ու նաև մաղթում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր աստիճանը և իր կատարած գործի կարևորությունը, իսկ դուք կարևոր գործ եք անում»:
Սերժ Սարգսյանի ելույթի սկիզբն` այստեղ