Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշման նախագիծ «Զբաղվածության մասին» օրենքիի վերաբերյալ: 2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը: Նոր օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում առավելապես` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով:
Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակներում, հաշվի առնելով ժողովրդագրական արդի մարտահրավերները, ինչպես նաև կանանց գործազրկության բարձր մակարդակը, հատկապես կարևորվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ (մինչև 30 տարեկան) մայրերի աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների մեծացումը՝ գործատուի մոտ մասնագիտական ուսուցման՝ աշկերտության, կազմակերպման միջոցով:
Մասնավորապես, նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում (աշկերտություն), որի ընթացքում ուսուցանվող անձին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում առաջարկվում է վճարել կրթաթոշակ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև երեխաների խնամքը կազմակերպելու համար:
Նախատեսվում է նաև վճարել գործատուի մոտ մասնագիտական ուսուցումը կազմակերպող ուսուցանող մասնագետին՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ մասնագիտական ուսուցում կազմակերպող մասնագետն անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում է՝ վճարել գումար նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Բացի այդ, առաջարկվում է գործատուին վճարել միանվագ գումար 30.0 հազար դրամի չափով` մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով և գումար` գործազուրկի կրթաթոշակից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Վերը նշվածից բացի, անհրաժեշտություն է առաջացել նաև գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ պայմանավորված նրանով, որ.
մասնագիտական ուսուցումը, հանդիսանալով զբաղվածության պետական հիմնական ծրագրերից մեկը, կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան և նպատակ ունի ապահովել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ տալու միջոցով գործազուրկ անձանց կայուն զբաղվածությունը, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցումը: Հետևաբար, մասնագիտական ուսուցման ծրագրի իրականացման արդյունավետության և հաշվետվողականության տեսանկյունից առավել նպատակահարմար է, որ բյուջեի գլխավոր կարգադրիչ հանդիսանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնագիտական ուսուցման կազմակերպման մասով լինելով բյուջեի գլխավոր կարգադրիչ, հնարավորություն ստանա իրականացնել մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների վերաբաշխում և տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղել զբաղվածության կարգավորման այլ պետական ծրագրերի իրականացման միջոցով գործազուրկ անձանց զբավածության խնդիրների լուծմանը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականություն, այդ թվում` գործազուրկների համար զբաղվածության խթանման արդյունավետ նոր հնարավորությունների ապահովման նպատակով ինչպես նոր ծրագրի, այնպես էլ գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմների առկայություն: