կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 11:26
Քաղաքական

Քաղաքական ջախջախումները` ընկալումների հարց. Էդուարդ Շարմազանով

Քաղաքական ջախջախումները` ընկալումների հարց. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանը դուրս բերելու հարցի քննարկման ժամանակ 9 հոգանոց «Ելք» խմբակցությունը ջախջախել է 70 հոգանոց «Հանրապետական» խմբակցությանը:

Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ և կուսակցություններ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ և ընկալումներ:

«Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին, սա ևս ընկալումների հարց է: Մի կուսակցության համար կարող է համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ավագանու ընտրություններում 70 տոկոս հավաքելը լինի համեստ հաջողություն, մեկ այլ կուսակցության համար համապետական ընտրություններում 5 կամ 7 տոկոս հավաքելը լինի ջախջախիչ հաղթանակ: Հիմա սա ընկալումների հարց է»,- նշեց նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի տարբեր համայնքներում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ՝ նշելով, որ եթե «Ելք»-ում այդքան վստահ են իրենց ուժերին, կարող են մասնակցել:

«Բայց որքան ես եմ տեղյակ, դեռևս ձեր նշած դաշինքի ներկայացուցիչները որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Եթե մի քաղաքական ուժ ցանկանում է ջախջախիչ հաջողության հասնել, չի կարող դրան հասնել՝ չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: