Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Շահ հասկացությունը առաջին պահին վերացական թվացող, միևնույն ժամանակ՝ շատ կոնկրետ երևույթ է: Այն վերացական եզրույթ է մինչև այն պահը, քանի դեռ չի մարմնավորվել իբրև կոնկրետություն և արտացոլվել իրական հանգամանքներում: Շահը շատ նման է հեղուկի, որը ձև չունի, քանի դեռ չի լցվել տարայի մեջ: Անհնար է մատնացույց անել գեթ մեկ բան, որն աշխարհում ուղղակի կամ միջնորդավորված չարտացոլի կոնկրետ մարդու, կոնկրետ հասարակության, պետության, ազգի շահերը: Դեռ Օմար Խայամն էր ասում. «Դու մտերիմներ և ընկերներ չունես, նրանք բոլորն էլ իրենց ձգտումների և շահերի ընկերներն են»:
Այսքան անողոք է կյանքը և պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Առաջին հայացքից հնարավոր է տեսանելի չլինի, որ տվյալ փաստն ու երևույթը հենց շահերի խնդիր է: Գրված գիրքն ու երգը, ստեղծված կտավը, տրված լրատվությունը, լավ հեռուստանախագիծը, որակյալ դպրոցը, կառուցված շենքն ու պուրակը, փողոցի մաքրությունը, կառավարության որոշումը և այսպես ամեն-ամեն բան բխում է ազգային ու պետական շահերից և, միևնույն ժամանակ, հանգում այդ շահերին: Իհարկե, շահերի պաշտպանության և սպասարկման գլխավոր գեներատորն ու լոկոմոտիվը միշտ եղել և մնում են քաղաքական համակարգը, իշխանական ու ընդդիմադիր ընտրախավը և պետական ինստիտուտները:
Անչափ դժվար է ասել, թե ազգերի ու ժողովուրդների մոտ ինչպես են ձևավորվում ազգային ու պետական շահերի ընկալումները, պատմական հանգամանքների ի՜նչ գործոններ են այս հարցերում էական կամ ճակատագրական նշանակություն ունենում, բայց փաստ է, որ ինչքան ուժեղ ու կենսունակ է պետությունը, ինչքան շատ են տվյալ ազգի ձեռքբերումները, այնքան ճիշտ ձևերով է մշակվում և հղկվում ազգի ու պետության շահերի գիտակցումը: Ի դեպ, սա այն դեպքը չէ, երբ հանրությունը տեղը տեղին գիտի, թե որն է դա: Հաճախ այն աշխատում է ենթագիտակցական մակարդակներում:
Չինացիների մասին պատմող մի ֆիլմ մտաբերեցի: Ճապոնացիների հետ պատերազմի շրջանն է: Ֆիլմի հերոսը մտնում է ընկերոջ պանդոկը ճաշելու, տեսնում է, որ գներն անասելի ցածր են: Հարցին՝ ինչպե՞ս է նա պահում պանդոկը նման ցածր գներով, վերջինս պատասխանում է. «Ծանր տարիներ են մեր երկրի ու ժողովրդի համար, մարդիկ աղքատ են, հետևաբար ես ևս պետք է մտնեմ մարդկանց դրության մեջ, չբարձրացնեմ գները»:
Շահերի ձևակերպման խնդիրը հասարակ մարդկանց հոգսը չէ: Դրա համար կան իշխանություններ, ինստիտուտներ, քաղաքական և մտավոր էլիտա, կշիռ ունեցող առաջնորդներ և այլն: Լուրջ համակարգերում այն շատ նման է գորգի: Ցանկացած գույն, գիծ, նախշ լավագույնս արտացոլված են ընդհանուր պատկերի մեջ և ունեն իրենց կոնկրետ իմաստն ու նշանակությունը: Շատերը կարող են կողքից չտեսնել, բայց այն ներքին հյուսվածք է: Օրինակ, ոչ Գերմանիայում ու Չինաստանում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, ինչպես ասում են. «խորքային պետություններում», չենք հանդիպի «պետական մտածողության, ազգային շահերի» և նմանատիպ բաների մասին ճոռոմախոս զրույցների:
Մարդիկ այդ ամենի մեջ են ապրում, հետևաբար՝ ո՞ւմ են պետք նման բաները: Միջպետական շահերի խնդիրն ամենակարևոր բանն է ցանկացած պետության համար, մանավանդ, երբ սրվում են հարաբերությունները հարևանների և մրցակիցների հետ: Եվ առաջին հերթին դա ցանկացած նորմալ երկրի անվտանգության խնդիրն է՝ իրենց քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային, սոցիալական և մյուս բոլոր բաղադրիչներով: Բոլոր տեսակի ճոխ հայտարարություններն ընդամենը, ժողովրդական լեզվով ասած, «լոլոներ» են սեփական շահերի և անվտանգության պաշտպանության համեմատ: Ավելի ստույգ, դրանք գունեղ փաթեթավորումներ են, որոնք ևս բխում են սեփական շահերի գերակայությունից:
Շահի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը նրա հավերժ փոփոխական լինելն է: Բերենք վերջին շրջանից մի քանի հանրահայտ օրինակներ, որոնք բոլորիս աչքի առջև են: Մինչև վերջերս, արևմտյան տերությունների համար իբրև թե արգահատելի արաբ ահաբեկչական զինյալ խմբերն այսօր արդեն Արևմուտքի աչքի լույսն են և կարող են ասպատակել Սիրիային, քանի որ նախագահ Ասադի կառավարությունը տապալելու և Իրանին ու Ռուսաստանին վնասելու խնդիր կար. դա է նրանց օրվա շահը: «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, որի համար ԱՄՆ-ը 10 միլիոն դոլար գլխագին էր սահմանել, այլևս դարձել է «չափավորական իսլամիստ» և իրենց համար «նախընտրելի տղա»:
Մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաղված Ուկրաինան մի առավոտ դարձավ «ռուսական զարհուրելի կայսերության զոհը և արևմտյան դեմոկրատիայի ջահակիրն ու պատնեշը»: Վրացական կառավարությունն այլևս դեմոկրատական չէ, քանի որ համառորեն չի ցանկանում խաղալիք դառնալ Արևմուտքի ձեռքին: Ռուսաստանին բարեկամ և դաշնակից Հայաստանը կորցրեց իր գրավչությունը, երբ պարզ դարձավ, որ ռուսական նավթն ու գազը պիտի հոսեն Ադրբեջանով: Հայոց Ցեղասպանության փաստով Թուրքիայի քթին խփող, նրա մուտքը դեպի Եվրամիություն արգելափակող Արևմուտքը ծպտուն չի հանում թուրքական այլանդակությունների հարցում: Նիկոլի ոստիկանները լավն են և ընդդիմության ցույցերը ջարդում են օրենքի տառին համաձայն: Կրկնվենք՝ սրանք հանրահայտ բաներ են և միայն հաստատում են շահերի փոփոխական լինելու իրողությունը: 2018 թ. սորոսականների «հեղափոխությունը» և դրան հաջորդած իրադարձությունները` 2020 թ. պատերազմը և Արցախի հանձնումը, 2021 թ. ընտությունները վկայեցին, որ հայ իրականության մեջ շահի ընկալում կամ չկա, կամ էլ՝ հիմնովին ոչնչանալու շեմին է: Ուզու՞մ ենք սա ընդունել, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ ազգի ընդհանրական շահի ընկալումը կաղում է և այն էլ՝ երկու ոտքով:
Քաղաքական շահի մասին հայ հասարակության պատկերացումները այդպես էլ «ալարկոտ ռոմանտիզմից» այն կողմ չեն անցնում: Ասել է թե. «Եկեք մենք չընդվզենք, Ադրբեջանի ատամներին խփելու նույնիսկ փորձ չանենք, բայց սպասենք, որ մեր շահերին տիրություն անի Ռուսաստանը ու հետն էլ, Արևմուտքին դուր գալու համար նրա դեմ հոխորտանք»: Սա մանկամտություն չի, ոչ էլ սովորական տհասություն: Սա լավ հաշվարկված և հեռուն գնացող ծրագիր է, որը կարելի էր իրականացնել պետական և ազգային շահերին անհաղորդ, բթամիտ մարդկանց ձեռքերով: Մեր հանրության մեծ մասն այդպես էլ չի ուզում հասկանալ, որ դաշնակիցն էլ իր շահերն ունի, որոնք կարող են շատ հարցերում չհամընկնել մեր նպատակներին ու շահերին:
Այստեղ արդեն ջանքերը պետք է հարյուրապատիկ ավելին լինեն՝ նախ, դաշնակիցներին չկորցնելու և ապա՝ նորերին ձեռք բերելու գործում: Ցավալիորեն, պատմական որևէ հանգրվանում, բացառությամբ մի քանի դրվագների, մեր ազգային հանրույթն այդպես էլ չկարողացավ ցուցաբերել շահի ընդհանրական գիտակցություն: Այստեղ կա զարմանալի պարդոքս. հայն անասելի ուժեղ գիտակցում է իր էթնիկական պատկանելիությունը, իր հայ լինելը, բայց այդպես էլ չի փորձում հավաքականորեն իր ազգային տեսակի պահպանության հուսալի ձևեր գտնել, ասես, չի ձգտում ձևակերպել իր ազգային շահը, երկու ոտքով հենվել դրա վրա: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ հայությունը անձուլելի և անտարրալուծելի է:
Ցույց տվեք մի ուրիշ ազգ, որը կարողանար հրեշավոր Ցեղասպանությունից և հայրենազրկումից հետո օտարության մեջ ստեղծել վիթխարի Սփյուռք՝ այդքան դպրոցներ, վարժարաններ, տպարաններ, թերթեր ու ամսագրեր, հիմնել բարեսիրական, մարզական ու կրթամշակութային հաստատություններ, Հայ դատի գրասենյակներ և այլն: Սա իհարկե, կատարվեց մասնավորապես ՀՅ Դաշնակցության տիտանական ջանքերի շնորհիվ: Ի՞նչի մասին է սա վկայում: Միայն ազգային տեսակի պատկանելության գիտակցության ուժով էր դա հնարավոր: Եվ պատահական չէ, որ օտարներից շատերն են հիացել հայի կենսունակությամբ: Այստեղ է պարադոքսը. լինել այսչափ կենսունակ, բայց այդպես էլ չունենալ շահի ընդհանրական ընկալում, որը թույլ կտար տեր կանգնել ստեղծածին: Միշտ տալ, փոքրանալ ու նվիրվել այլոց, սակայն անպատասխանատու լինել սեփական հողի, հայրենիքի ու պետության հանդեպ: Երևի ընդհանրական նպատակների և շահերի արանքում կանգնած հայի անձնական «ես»-ը կարողացել է ավելի զորեղ գտնվել և տրոհել երկփեղկել նրան:
Մի տարօրինակ բան ենք նկատում. երբ հայ մարդուն ասում ես. «ի՞նչի ես կաշառք վերցնում»,-ասում է, «ո՞նց չվերցնեմ, տուն եմ պահում»: Բայց երբ ասում ես՝ քո կաշառք վերցնելով թուրքերի օգտին ես աշխատում, որովհետև հակաօրինական արարքներով թուլացնում ես մեր երկիրն ու պետությունը, նա ասես մի պահ կարկամում է, սակայն դա դեռ չի նշանակում, թե նա գիտակցեց իր արարքը ու կհրաժարվի «ընտանիք պահողի վեհ առաքելությունից»: Անձնական շահը մեր ժողովրդի մի մեծ հատվածի համար մի այլ կարգի գերակա մղիչ ուժ է, որն, ասես, արմունկներով այս ու այն կողմ հրելով մյուս հարցերը, տեղ է բացում միայն իր համար՝ լինեն դրանք տեղական կամ համապետական ընտրություններ, ընտանիքի բարեկեցություն, թե մեկ այլ բան: Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու:
Մի քսան տարի առաջ ամերիկյան մի կազմակերպության հետ իրավական թեմաներով ծրագիր էինք իրականացնում: Մի հարմար պահի դիմեցի նրանց ներկայացուցիչին՝ խնդրելով հայտնել իր անկեղծ տպավորությունները հայերի մասին: Համակրելի, ժպտերես մարդ էր: Բնական է, սկսեց հերթապահ գովասանքներ շռայլել մեր լավ ազգ լինելու, հինավուրց մշակույթ ունենալու և վերջապես, հայկական համեղ ուտեստների մասին: Ասացի. «Չանցավ, եկել ես իմ տուն, իմ կենացն ես խմում, ուզում եմ անաչառ ու անկեղծ կարծիք լսել…»: Տեսավ, որ օձիքը բաց չեմ թողնում, մի պահ մռայլվեց ու ասաց. «Արդեն քանի տարի է՝ ձեր երկրում եմ, ու այդպես էլ ինձ չի հաջողվում լիարժեք օրինավոր մարդկանց տեսնել: Մարդկանց մեծ մասն անձնական շահի որսորդներ են, նկատի ունեմ ձեր չինովնիկներին, իսկ մի մասն էլ՝ պարզապես «գրպանահատներ»: Եթե քո երկրում մի 30-40 ժուժկալ, անանձնական մարդ գտնվի, որոնք կդառնան կառավարություն, դուք ապագա կունենաք…»:
Սա արդեն օտարի հայացք է, վիճելը գրեթե անիմաստ էր: Պա՞րզ է չէ, թե ինչպես էր երկրում կազմավորվում սորոսական ապազգային տարրը, որը հետո ծծմբաթթվի պես ներծծվեց մեր ազգային օրգանիզմի մեջ ու դարձավ նիկոլական իշխանություն: Մեր պատմաբաններից, ազգագրագետներից և գործիչներից շատերի համար սա եղել է ծանր թեմա: Նրանք իրենց գրքերում և մենագրություններում մեկը մյուսից ավելի ցավոտ բաներ են պատմում՝ հայության և կոնկրետ հայի անձնական շահամոլության և մորթապաշտության մասին: Պատմում են, որ ցարական բանակն ավելի քան 143 հրանոթներ իրենց զինամթերքով թողել էր Կարս անառիկ բերդաքաղաքում: Կրակեց ընդամենը հինգ, թե վեց հրանոթ: Բոլշևիկներն այնքան հիմնավոր էին բարոյալքել մեր բանակը, որ ասելու չի: Հայ բոլշևիկները սեփական երկրի շահերը թշնամու ոտքի տակ դնելու «փայլուն» օրինակներ թողեցին պատմության մեջ: Նախիջևանում՝ Անդրանիկի քաղցած զորքը հաց էր խնդրում տեղացիներից, սրանք էլ՝ լացուկոծ էին դրել, թե՝ «չունենք, զորավար, Աստված սիրես, չունե՜նք…»: Եկան թուրքերը, բացեցին պահեստերը, այնտեղից հարյուրավոր պարկերով ցորեն ու ալյուր դուրս բերին: Միայն Աստծուն է հայտնի, թե ի՜նչ ջանքերի ու տառապանքների գնով էր ՀՅԴ Բյուրոն և Հրայր Մարուխյանը հայ մեծահարուստներից փող «պոկում»՝ Սփյուռքը հայ պահելու ու հետո նաև Արցախում ինքնապաշտպանություն կազմակերպելու համար:
Այսօր «խոշոր կապիտալը» հորթային խանդավառությամբ շենքեր է կառուցում, այն դեպքում, երբ երկիրը բանակ չունի: Այս մեկը մյուսից տխուր փաստերը մեզ այդպես էլ չեն սթափեցնում, չեն մղում խոհեմ հետևությունների: Եթե սխալ եմ, ապա ինչպես է, որ ազգին ու երկիրը անդունդի եզր հասցրած մարդը շարունակում է քարշ գալ իշխանության ղեկի մոտ: Չունենալով ազգային և պետական շահի ամենատարրական պատկերացում՝ նա պետություն է ղեկավարում. սա ի՜նչ աբսուրդ է: Հայկական կապիտալը, խոշոր և միջին առևտրականությունը, օլիգարխները և հասարակության մի ստվար զանգված, և՛ նախկինում, և՛ հիմա այդպես էլ դեմքով չեն շրջվում դեպի ազգի ընդհանրական շահերը, երկրում չի ստեղծվում այն առողջ միջավայրը, որը թույլ կտար քաղաքական ուժերի հետ ձեռք ձեռքի տված արմատապես փոխել իրավիճակը: Չխաբենք իրար՝ հայ բուրժուազիան, մեծ հաշվով, ժամանակին այդպես էլ չֆինանսավորեց ազգային ազատագրական պայքարը, և դրա դառը պտուղները «վայելում ենք» այսօր:
Չսպասարկեցիր երկրիդ շահերը, կծառայես օտարին ու կսպասարկես թշնամուդ շահերը: Այստեղից երրորդ ճանապարհ չկա:
Մանվել Մկրտչյան