Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասյօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք վերջին պահին համաձայնագիրը կրկին չի ստորագրվի: Ռուստամյանը պատասխանեց, որ այս անգամ նման բան չի լինի: «Այն պատճառը, որի հետևանքով համաձայնագիրը չստորագրվեց, այլևս գոյություն չունի: Բոլոր բանակցությունները գնացել են այն տրամաբանությամբ, որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, և դա նշանակում է, որ այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ այդ գործընթացը սկսվել է, այսինքն` սրանք իրար հակառակ չեն»,- նշեց նա:
Հարցին՝ ճնշում չի՞ լինի Ռուսաստանի կողմից, պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում: «Չի կարող լինել, այդ ընթացքից Ռուսաստանն էլ է տեղյակ, գիտի, որ դա տեղի է ունենում: Խնդիրները, չեմ կարծում, այն սրությամբ են, որ կային նախորդ անգամ»,- կարծիք հայտնեց նա:
Հարցին՝ մեկ գիշերում որոշում չի՞ կայացվի, Ռուստամյանը պատասխանեց` ոչ:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը շատ լուրջ բաներ է մեզ տալու: «Մեզ տալու է պետական շինարարության հետ կապված այն արժեհամակարգի արագ տեղայնացումը, որը մեզ այսօր անհրաժեշտ է: Մենք այսօր նոր խորհրդարանական համակարգի մեջ ենք, և եվրոպական պառլամենտարիզմի փորձը և դրա ձեռքբերումներն ու նվաճումները մեզ այսօր օդ ու ջրի պես պետք են, որպեսզի կարողանանք ճիշտ ուղորդել մեր համակարգը»,- ասաց պատգամավորը:
Իսկ հարցին՝ տեղյա՞կ են, թե ինչ փաստաթուղթ է համաձայնագիրը, քանի որ «Ելք»-ը նշում է, թե չեն տեսել այն, Ռուստամյանը պատասխանեց, որ ընդհանուր գծերով ծանոթ են: