Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ` պալատի նախագահի միակ թեկնածու, ՓՊ գործող նախագահ Արա Զոհրաբյանն ակտիվ նախընտրական գործունեություն է իրականացնում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում անցկացված քննարկման ժամանակ հայտարարեց ինքը՝ Զոհրաբյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այլ թեկնածուներ չառաջադրվեցին, նա պատասխանեց. «Թե ինչո՞ւ չառաջադրվեցին, ես միայն ենթադրություն կարող եմ անել: Կարծում եմ` վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց վստահության քվեն նրանց կտրամադրի: Ես չեմ ասում, որ արժանիքներով որևէ մեկից ավելի լավն եմ, ես այդպիսի մեծամտությամբ չեմ տառապում, բայց ես կարծում եմ, որ իմ ընդդիմախոսներն իրենց ծայրահեղ դրսևորումներում անուղղակիորեն վիրավորանքներ էին հասցնում փաստաբաններին»:
Զոհրաբյանի խոսքով՝ վիրավորական է, երբ ընդդիմախոս փաստաբանները հիշում են, որ որակյալ փոքրամասնություն են, երբ նշում են, որ նոր արտոնագիր ստացած փաստաբանը դեռ փաստաբան չի համարվում, քանի որ չի անցել ինչ-որ ճանապարհ, երբ ասում են, թե իբր բոլոր փաստաբանները ճնշված են, երբ նշում են, որ փաստաբանների պալատը կարողանում է վարչական ռեսուրս կիրառել փաստաբանների նկատմամբ և այլն:
Ըստ նրա՝ փաստաբանների պալատը գերատեսչական շահ չունի, ի տարբերություն այլ պետական կառույցների: «Լավ կլիներ, որ ընդդիմախոսները միասնական թեկնածուով հանդես գային: Եթե նրանք կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և կործանարար գործունեություն ծավալում, այս իրավիճակում վստահ եմ, որ պետք է առաջադրեին իրենց թեկնածուին և փրկեին պալատն ինձանից»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն կարծիքին, թե պալատը հիվանդ կառույց է, նա նշեց. «Ես վաղուց անեծքների և սուրճի բաժակ նայողներին չեմ հավատում, նման խոսքեր արտահայտողները գործում են խակ խաղողի տեսությամբ, այսինքն` երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է` խակ է»:
Խոսելով իր պաշտոնավարման տարիներին պալատում կատարված փոփոխությունների մասին` Արա Զոհրաբյանը նշեց. «Այս ընթացքում ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, ներդրվել է մարզային համակարգողի ինստիտուտը, ստեղծվել է փաստաբանների երիտասարդական խորհուրդ, որի գործառույթը երիտասարդ փաստաբաններին պալատին ինտեգրելն է, ստեղծվել է արագ արձագանման խորհուրդ և այլն»:
Զոհրաբյանի խոսքով՝ փաստաբանների պալատն ակտիվ է ցանկացած իրավիճակում: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում փաստաբանության հանրային կշիռն ավելացել է:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: Բացի պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանից, ընտրություններում այլ փաստաբան իր թեկնածությունը չի առաջադրել: