Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորհրդաժողովի ժամանակ Արցախի ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին մեր առաջնագիծը հագեցած չէր խորքային հետախուզության սարքերով, կային հատուկենտ սարքեր, բայց, ըստ նրա, օգոստոսին արդեն ամբողջ առաջնագիծը կահավորվեց հետախուզական սարքերով:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանից էլ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով գնդապետի խոսքը, հետաքրքրվեց` եթե միջոցներ չկան առավել խորքային հետազոտության համար, այս դինամիկայից ե՞րբ ենք դուրս գալու: Պատգամավորը նաև ընդգծեց, թե շատ կարևոր հարց է անընդհատ բարձրացվում ռազմաարդյունաբերական համալիրի մասին: Նա իր մտահոգությունը հայտնեց, որ, ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվության համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում պաշտպանության ոլորտի հետազոտական ծախսերը ֆինանսավորվել են կիսամյակի համար նախատեսվածի 35 տոկոսով: «Սա ի՞նչ է նշանակում: Անընդհատ հայտարարում ենք ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման մասին, բայց գործնականում այդ հետախուզող ծրագրերը ֆինանսավորում ենք 35 տոկոսով»,- հարցեց պատգամավորը:
Զաքարյանը մինչ պատասխանելը կատակեց. «Ես մարգարե չեմ, բայց պարոն Առուստամյանի հայտարարությունից հետո ենթադրում էի, որ Դուք այդ հարցը ինձ կուղղեք, պարո'ն Փաշինյան»: Ապա շարունակեց, որ կան խորության մի քանի աստիճաններ, և որ այսօր մենք կարողանում ենք հակառակորդի դիրքերը տեսնել մինչև 12-15 կմ խորությամբ: «Որտեղ անհրաժեշտ է հետևել հակառակորդին, մենք կարողանում ենք հակառակորդի թիկունքը տեսնել մինչև 15 կմ հեռավորւթյան վրա, որը հնարավորություն է տալիս մարտական գործողություններից մի քանի օր առաջ արդեն իսկ գնահատել հակառակորդի գործողությունները»,- ասաց նա:
Զաքարյանը նաև հավելեց, որ ավելի խոր դիտարկումներ պետք է իրականացվեն անօդաչու թռչող սարքերի միջոցով, և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: «Այսօր չունենք, բայց դա չի նշանակում այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում: Մենք կկարողանանք արդեն ռազմավարական հարթության վրա գնահատել հակառակորդի գործողությունները»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերական համալիրի ծրագրերի ֆինանսավորմանը, ապա Զաքարյանը նշեց, բոլոր այն ծրագրերը, որոնք 2016 թվականին դրված էին համալիրի առջև, բացառությամբ լրացուցիչ չորսի, որոնք հետ են վերադարձվել անարդյունավետության պատճառով, ֆինանսավորվել են:
«Ես հստակ անդրադարձել եմ այն ծրագրերին, որոնք ֆինանսավորվել են և հաջողությամբ պսակվել, նաև` որոնք են հետ վերադարձվել` որպես անարդյունավետ ծրագրեր, և գումարները վերադարձվել են բյուջե»,- եզրափակեց նա: