Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ հայտարարությունը բերելու է նոր պատերազմի, եթե իհարկե ընդդիմությանը չհաջողվի կանխել այս արհավիրքը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով։
«Ամենածանր հետևանքը նա է, որ դա հասունացնելու է ապագայում նոր պատրեազմի։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանի խնդիրը միայն «անկլավները» չեն։ «Անկլավ» կոչվածը իրենց համար միայն զուտ բարոյական խնդիր չի լուծում։ Ժամանակին այդ տարածքները պատկանել են Հայաստանի Հանրապետությանը և ոչ միայն այդ տարածքները և Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի արդյունքում այդ տարածքները սպառնացել են ՀՀ սահմանների անվատնգությանը և անխախտելիությանը, հետևաբար այդ տարածքները, սահմանամերձ հատվածները վերածվել են ՀՀ-ի համար պաշտպանական ամուր կառույցների։ Հիմա Փաշինյանը Հայաստանի անվտանգությունը տալիս է Ադրբեջանին՝ ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը։ Եթե սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները չեն կարողանում հիմնավորել այդ խնդիրը, դա դեռ չի նշանակում, որ պետք է նման քաղաքական հայտարարություններ անել»,- ասաց նա։
Խոսելով Արցախի մասին նախկին փոխնախարարը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի միանձնյա կամ իր քաղաքական դավաճանների փոքրիկ խմբակով մի ամբողջ ժողովրդի անունից նման հայտարարություն անել․
«Ինքն անձամբ կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նա պարտավոր է նաև ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կապ չունի։ Դա նույն ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ժողովուրդներին տրված միջազային իրավունքի նորմն է»- ասաց նա։
Արտակ Զաքարյանը չի կարծում որ Փաշինյանը հապշտապ կգնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց չի էլ բացառում, որովհետև նրա խոսքով՝ իշխանություն կոչվածները մի քանի անգամ հայ ժողովրդին նման տհաճ անակնկալներ մատուցել են։
«Եթե պարապ են մնացել և խաղում են ժողովրդի նյարդերի և հույզերի հետ, ապա նրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև հիմար են, դա քաղաքական հիմարություն է, բայց չեմ կարծում, որովհետև նաև միջազգային անցուդարձը, Արևմուտքը և ինչ-որ առումով նաև Ռուսաստանը անընդհատ հետամուտ են, որ Հայաստանի հաշվին լուծվի տարածաշրջանային գլոբալ շահերը, դիմացը Հայաստանը ոչինչ չստանալով և Արցախն էլ ամբողջությամբ դնելով զոհասեղանին։ Սա դավաճանական գործողություն է սեփական ժողովրդի և ազգի շահերի նկատմամբ, հետևաբար եթե նրանց մտքում կա այդ դավաճանությունը, ապա նրանք մտադրված կերպով դա իրականացնելու են, իսկ թե ինչպես դա կհրամցնեն ժողովրդին և կվավերացնեն ԱԺ-ում ժամանակը ցույց կտա»,- ասաց նա։
ՀՀԿ ԳՄ անդամը շեշտում է, որ մի մարդու, ում ամբողջ գործունեության ընցքում արված հայտարարությունների 99 տոկոսը եղել է կեղծ և մանիպուլյատիվ՝ ոչ մի երաշխիք չկա, որ վերջին ասուլիսում եղած հայտարարությունների մեծ մասն էլ կեղծ և մանիպուլյատիվ են․
«Այնպես որ խեղճացածի կամ հերոսի կերպարով ազգային բեռն իր վրա վերցնելու փոխարեն, թող Արցախի ինքնորոշման իրավունքը ձախողելու, հայ ժողովրդին պատերազմի փաստի առջև կանգնեցնելու, պետությունը ներսից քայքայելու, հասարակությանը պառակտելու, թշնամանք սերմանելու, ՀՀ տարածքները նվիրելու, վաճառելու կամ հանձնելու պատասխանատվությունը վերցնի իր վրա, ոչ թե իրա քաղաքական խմբակի հետ միասին անընդհատ մեղավորներ փնտրի, թե ՀԱՊԿ-ն է մեղավոր, Արևմուտքն է մեղավոր, Ռուսաստանն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, բանակն է մեղավոր, գեներալներն են մեղավոր։ Այդպես պատասխանատվություն չեն վերցնում։ Բացի այդ իր պատասխանատվությունը դա իրավական և քաղաքական խնդիր է։ Իսկ մեր պետության շահերի առումով ինքը ոչ մի իրավունք չունի հայ ժողովրդի անունից նման հայտարարություն անել։ Թող ցույց տա մի թուղթ, որտեղ ինքն ասել է, որ ինքը պատրաստում է հանձնել Արցախը և ժողովուրդն իրեն ծափահարել է կամ ընտրել։ Սա սովորական շարքային ստախոսություն է»,- ավելացրեց քաղաքական գործիչը։
Անդրադառնալով Արցախի ԱԺ-ի կողմից արված հայտարարությունը նախկին փոխնախարարը նշեց, որ գուցե նրանք ձևակերպումն են սխալ արել․
«Պետք է հորդորեին, խնդրեին նախկին նախագահաներին նոր նախաձեռնություն ցուցաբերելու հարցում, բայց դիմել նման տոնով, որ եթե դուք մի բան չանեք ուրեմն դուք էլ եք համամիտ Նիկոլի քաղաքականությանը, ես կարծում եմ, որ դա տեղին չէր, որովհետև առնվազն պետք է քաղաքականությունից դուրս լինել, որպեսզի չտեսնել, որ նախկին նախագահները վերջին 3-4 տարիներին բոլոր հնարավոր մեխանիզմներով, հրապարակային հարցազրույցներով, քաղաքական նախաձեռնություններով, հանրային պայքարի ձևով անընդհատ դիամադրել, զգուշացրել, հիմնավորել են բոլոր հնարավոր ձախողումներն ու սխալ քայլերը, որոնք իրականացվել են սրանց կողմից։ Լավ կլիներ, որ Արցախի պատգամավորները նաև այդ մասին գրեին։ Բայց տանել և փորձել համեմատության եզրեր գտնել դավաճան իշխանությունների և նախկին իշխանությունների պատկերացումների մեջ, դա առնվազն անկեղծ և տեղին չէ»,- ասաց նա։
Լ․Ա․