կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 19:19
Հասարակություն

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի շարք անձինք կապահովվեն կացարանով

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի շարք անձինք կապահովվեն կացարանով

Կառավարության վաղվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշում, որի ընդունումը բխում է «Հայաստանի Հան­րապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաս­տանի Հանրապե­տության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված N 1 հավելվածի բյո­ւջե­տա­յին ծախսերի գործա­ռա­կան դա­սա­կարգման 10 բաժնի, 06 խմբի, 01 դասի, «02. «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մաս­նա­շեն­քի տարածքում բնակ­­վող ընտա­նիքներին բնակարանով ապահովում» ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախա­տես­ված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) ննջարանային մաս­նա­շեն­քի 642,4 քմ տարածքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության զբաղեցրած 9 (ինը) անօթևան ընտանիքներից ազատելու և այն կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու և առկա ծառայությունների տեսակներն ու ծավալն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

2017թ. հունիսի 12-ի դրությամբ կազմակերպության ննջարանային մասնաշենքում ավելի քան երկու տասնամյակ փաստացի հաշվառված  են և բնակվում են (առանց սեփականության իրավունքի, առանց օրինական հիմքի) ինն ընտանիք: Ընտանիքներից մեկը կազմված է հինգ անդամից, երկուսը՝ չորս, երեքը՝ երկու անդամից և երեքը՝ մեկ անդամից:

Նշված ընտանիքների՝ կազմակերպության տարածքում բնակվելը կազմակերպությանը թույլ չի տալիս սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքը նպատակային օգտագործել և ընդլայնել շահառուներին տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների տեսակներն ու ծավալները և այն էլ այն դեպքում, երբ հանրապետությունում հրատապ խնդիր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման համար  համապատասխան պայմանների ապահովումը: Այսօրվա դրությամբ կազմակերպություն ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ, միաժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որը նախատեսված է մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների  համար, խնամվում են 100-ից ավել 18 տարին լրացած անձինք, քանի որ այլ հատուկ հաստատություններում ազատ տեղեր չկան:

Միաժամանակ, կազմակերպության տարածքում բնակվող անօթևան ընտանիքների վտարումը կազմակերպության տարածքից հակասում է սոցիալական պաշտպանության բնագավառում գործող կազմակերպությունների բարոյական նորմերին, ուստի կազմակերպությունը դիմել է լիազոր մարմնին իր տարածքում տարիներ շարունակ անօրինական հիմունքներով բնակվող անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման առաջարկությամբ:

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է ազատել կազմակերպության ննջարանային մասնաշենքը, ընդլայնել շահառուներին մատուցվող ծառայությունները և կազմակերպությունում խնամվողների տեղերն ավելացնել առնվազն 50-ով: Միաժամանակ, հաշվի առնելով այնտեղ տարիներ շարունակ բնակվող (թեկուզ՝ առանց օրինական հիմքի) անօթևան ընտանիքների կարգավիճակները, լուծել նրանց բնակարանային խնդիրը՝ ցուցաբերելով ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Բնակարանի գնման վկայագրով նախատեսվող բնակարանների սենյակների թվի և արժեքի չափը հաշվարկված է հետևյալ մեթոդաբանությամբ.

Նախատեսվող սենյակների քանակի և բնակելի մակերեսների հաշվարկի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի համար հրապարակած տարեկան ամփոփ տվյալները՝ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ընդհանուր մակերեսների միջինացված չափերի վերաբերյալ (մեկ սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 40 քմ, երկու սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 60 քմ և երեք սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը 80 քմ), իսկ մեկ քառակուսի մետրի գինը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի համար Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների վերլուծությունից. հաշվարկվել է բոլոր վարչական շրջանների բնակարանների գների միջինացված արժեքը՝ բացառությամբ Կենտրոն, Արաբկիր և Նորք-Մարաշ համայնքների, որի արդյունքում Երևանում բազմաբնակարան շենքերում 1 քմ արժեքը կազմել է 233 090 դրամ, ինչն էլ ընդունվել է որպես հիմք սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի հաշվարկների համար:

Ձեռք բերվելիք բնակարանների սենյակների թիվը հաշվարկվել է ըստ ընտանիքների անդամների թվի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի:

Ծրագրով նախա­տես­վել է 20,420.0 հազ. դրամ պետական աջակցություն՝ 2017 թվականին երեք ընտանիքի բնակարանով ապահովման համար, իսկ բնակարանների գնման վկայագիր ստացող ընտանիքների (անձանց) վերջնական ցուցակի հաստատումից հետո պահանջվող ընդհանուր գումարի մնացած մասի հարցը նախատեսվում է լուծել՝ նախարարությանը ընթացիկ տարում պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում:

Որոշման ընդունման արդյունքում կլուծվեն կազմակերպությանը պատկանող մասնաշենքի ազատված տարածքը նպատակային օգտագործման խնդիրը, այն է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կացարանով ապահովման և խնամքի ու սոցիալ-վերականգնողական ծառայություններով ապահովումը, ինչպես նաև տարիներ շարունակ կազմակերպության ննջարանային մասնաշենքի տարածքում առանց օրինական հիմքի բնակվող անօթևան ինն ընտանիքի բնակարանային խնդիրը՝ բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: