կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 22:55
Իրավական

ՃՈ տեսուչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել ԻԻՀ քաղաքացուց

ՃՈ տեսուչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել ԻԻՀ քաղաքացուց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, Ֆ. Հ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում, ապա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության աշխատակիցը կանգնեցրել է իր վարած ավտոմեքենան և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն չկազմելու, իրեն 12 օրով ազատությունից չզրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու համար իրենից պահանջել ու ստացել է խոշոր չափերով` 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննության նյութերով տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՃՈ տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքից անմիջապես հետո այդ մասին տեղեկացել է նաև նույն ժամանակահատվածում վերջինիս հետ ծառայություն իրականացնող մյուս տեսուչը, ով  ծառայակցին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` թաքցրել է հիշյալ միջադեպը և դրան սահմանված կարգով ընթացք չի տվել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: