կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-25 16:55
Քաղաքական

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: 

Կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ավանդական դարձած պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար: 

Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում լսելով չէ, որ գիտեն, թե ինչ բարդություններ կան նման աղետների դեմ պայքարում։ Նա նշել է, որ դեսպանությունը կապի մեջ է ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ՝ հրդեհի հետևանքների վերացման գործում գերատեսչություններին տեխնիկական և փորձագիտական օժանդակության ուղղությունները հստակեցնելու նպատակով: Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպան Միլսը նշել է. «Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին և խորացնել երկկողմ առևտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»:

Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին: 
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և ավելացրել, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ վերլուծություններ են արվելու, որից հետո ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կլինի ավելի կոնկրետ: 

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։ «Սակայն այս ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք և բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը: 

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։ Վարչապետը կարևորել է նաև ԱՄՆ դեսպանության գործուն մասնակցությունն առաջիկայում կազմակերպվելիք արդարադատության ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն այս բնագավառի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր: