Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ոստիկանությունը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձանց սպանության և 5 անձանց հրազենային վիրավորում հասցնելու կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերման գործում, ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:
Նշենք, որ համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական և այլ պարգևատրումներ: Այդ պարգևատրումների գումարները հարկման և հայտարարագրման ենթակա չեն:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:
Բացի այդ` օրենքը սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման գործում ներգրավված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետևանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին և խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ:
Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ: