կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 23:49
Քաղաքական

«Ներկա»-ներն են ՌԴ-ին հայտնել Մ. Լազարյանի գտնվելու վայրի մասին. փաստաբանի արձագանքը՝ դատախազի խորհրդականին

«Ներկա»-ներն են ՌԴ-ին հայտնել Մ. Լազարյանի գտնվելու վայրի մասին. փաստաբանի արձագանքը՝ դատախազի խորհրդականին

Yerkir.am-ն իր «ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր 2011 թ. դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի մի քանի հաճախորդներ ազգային հողի վրա ունեցած իրենց բարձրագոչ ելույթներով վիրավորել էին հայերին, իսկ մի քանի ժամ անց նույն ռեստորանի վրա  ադրբեջանցիների կողմից տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել էր մի ադրբեջանցի։ Դեպքին առնչվող հայազգի երիտասարդներից մեկի՝ 2012 թվականից ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանի շուրջն այս օրերին տեղի ունեցող դատավարական և արտահանձնման գործընթացների ողջ թնջուկի վերաբերյալ փաստաբան Արկադյա Գևորգյանի՝ վերոնշյալ հրապարկման մեջ տեղ գտած մեկնաբանություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Yerkir.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականի վերոնշյալ մեկնաբանություններին արձագանքել է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող և ՀՀ-ում այս օրերին կալանավորված Միսակ Լազարյանի փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Փաստաբանի արձագանքը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի պարոն Աբրահամյան, ի պատասխան Ձեր արձագանքին.

1. Այն, որ Ապրիլյան քառօրյայի օրը՝ ապրիլի 2-ին, երկամսյա ժամկետով կալանավորվում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ՀԱՅ, դա փաստ է և ոչ մանիպուլյացիա: Ինչ վերաբերում է նեգատիվ տրամադրություն բորբոքելուն, ապա այդ նեգատիվ տրամադրությունը բորբոքվել է այն ժամանակ, երբ դատախազությունը ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ՀԱՅԻՆ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, այլ ոչ թե այն ժամանակ, երբ այդ տեղեկությունը դարձել է հանրային: Հետևաբար, նեգատիվ տրամադրություն չբորբոքելու համար, դատախազությունը կարող էր առանց վարանելու խափանման այլ միջոց կիրառեր, առավել ևս, երբ անձը որին կալանավորում եք, ներկայացել է ինքնակամ, հայտնել է իր բնակության վայրն ու ՀՀ իրավապահների կողմից քրեական վարույթ սկսելու դեպքում՝ պատրաստակամություն՝  պատմելու ողջ ճշմարտությունը:

2. Ուշադիր կարդալու դեպքում՝ դժվար չէ հասկանալ, որ խոսքը հանձնելու համար կալանավորելու մասին է, իսկ ընթերցողների զգացմունքների և հույզերի մասով՝ հուսով եմ Ձեր մոտ նույնպես այդ զգացողություներն են, ինչը բնական է բանական մարդկաց մոտ, երբ առերեսվում են անարդարության հետ:

3. «Քաղաքական պաստառի» մասով. Նախ` պաստառ չէ, այլ աստառ: Ինչ վերաբերում է «նախկին»  և «ներկա» եզրույթներին: Դուք ստիպեցիք՝ Միսակ Լազարյանը 2012 թվականից գտնվում է Հայաստանում, և ես համոզված եմ, որ ՌԴ կողմից նրան հետախուզելու մասին տվյալներ ՀՀ իրավապահներն ունեցել են, ինչպես նաև ունեցել են տեղեկություններ՝ Միսակ Լազարյանի գտնվելու վայրի մասին, սակայն ի պատիվ «նախկին»-ների, ՌԴ իրավապահներին չեն տեղեկացրել նրա գտնվելու վայրի մասին: 2019 թ. «ներկա»-ները՝ ի դեմս ՀՀ ԱԱԾ-ի, ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի մասին հայտնել են իրենց գործընկերներին: Ավելին, Մ. Լազարյանի վերաբերյալ ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, իսկ «ներկա»-ների կողմից Մ.Լազարյանի մասին ՌԴ իրավապահներին տեղեկացնելուց հետո, վերջիններիս այլ բան չէր մնում, քան ընտրել կալանավորում խափանման միջոց և ներկայացնել հանձնելու պահանջ: Հետևաբար ընթերցողը թող որոշի՝ համեմատությունը «անհեթեթ» է, թե՝ ոչ:

4. Քաղաքական մեկնաբանությունների հավակնություն երբևէ չեմ ունեցել, ի տարբերություն Ձեզ, հետևաբար հաջողված կամ չհաջողված որակումը բացարձակ տեղին չէ: Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված իբր «իրականությանը», ապա բարի եղեք ասել նաև այն, ինչը ես նշեցի ի պատասխան երրորդ պարբերությանը: Մասնավորապես, ՌԴ-ից ստացված փաստաթղթերում հստակ նշված է, որ խափանման միջոցը փոփոխվել է, քանի որ 28.02.2019 թ. ՀՀ ոստիկանությունից ՌԴ ՆԳՆ-ին հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ-ն Մ.Լազարյանին ձերբակալել է, սակայն կիրառված խափանման միջոցի պատճառով ազատ է արձակվել: Այս փաստը հիմք է հանդիսացել խափանման միջոցը կալանքով փոխելու համար: Հետևաբար եթե այս փաստը Ձեր կամ ինչ որ մեկի համար զավեշտ է, ապա թասիբի մասով իմ հայտարարությունն ուժի մեջ է:

5. Էքստրադիցայի իրավական գործընթացների վերաբերյալ՝ այո, 40 օրով ժամանակավոր կալանավորումը և երկամսյա կալանավորումը դեռևս հանձնման հիմք չէ, բայց 40 օրով ժամանակավոր կալանավորումը և երկամսյա կալանավորումն էլ պարտադիր պայման չէ հանձնման հիմքերի ուսումնասիրության համար: Մասնավորապես տարրական պատկերացումների մասին խոսելուց առաջ չէր խանգարի կալանավորման միջնորդության մեջ գոնե մեկ բառով նշվեր, թե ինչու հնարավոր չի համարվում հանձնելու համար կալանավորելու խնդրանքի կատարումն առանց կալանավորման: Համոզված եմ, որ Ձեզ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 491-րդ հոդվածի 1-ին մասի «եթե հնարավոր չեն համարում խնդրանքի կատարումն առանց դրա» պայմանը ծանոթ է:

6. Այն որ, դեռևս հանձնելու մասին որոշում չի կայացվել՝ ճիշտ է, և մենք հակառակը չենք էլ պնդել, բայց երբ կալանավորման մասին միջնորդություն է տարվում դատարան՝ առանց հիմնավորելու դրա անհրաժեշտությունը և դա ներկայացնել որպես կոնվենցիոն պարտավորություն, այ սա իրոք զավեշտ է, առավել ևս, երբ Մ. Լազարյանին ապաստան տալու վերաբերյալ ՀՀ Միգրացիոն ծառայության կողմից սկսված վարույթի մասին դատախազությունն ընդհանրապես չի ցանկանում խոսել, որպիսի հանգամանքը, հենց Ձեր կողմից նշված կոնվենցիաներով սահմանված՝ հանձնումը բացառող հանգամանք է: Այսինք, քանի դեռ քննարկվում է ապաստանի խնդիր, հետևաբար բացառվում է հանձնումը, սակայն դատախազության տարրական պատկերացումները, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, անձին մինչև վերջ, այն է՝ ութ ամիս, կալանքի տակ պահելն է: Իսկ ՌԴ գրագրությունները համոզված եմ Միսակ Լազարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում էլ կարող էք անել, հաստատ նա չի խանգարի դատախազության և Ձեր արտասահմանյան գործընկերների շփումներին:

7. Ինչ վերաբերում է ենթադրյալ հանցանքի շարժառիթներին, ապա դատախազության ձեռքի տակ եղած տվյալները պետք է որ նույն տվյալները լինեն, ինչ որ կալանքի միջնորդությունը ներկայացնելիս տրամադրվել է պաշտպանական կողմին, եթե իհարկե տրամադրվել են բոլոր նյութերը: Բայց դատախազությունը չի կարող ունենալ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ նույն տվյալներն, ինչ որ ունի փաստաբանը, քանի որ դատախազությունը միայն կալանավորելու գործառույթն է հստակ կիրառում: Եթե փորձ արվեր գեթ մեկ անգամ հանդիպել և զրուցել արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Միսակ Լազարյանին, մի գուցե մեր ունեցած տվյալները չտարբերվեին: Ինչ վերաբերում Ձեր ռուսաստանցի գործընկերներին ապա նրանց կողմից ի սկզբանե ստորագրություն կիրառելու հանգամանքը պետք է որ Ձեզ հուշեր այս դեպքի վերաբերյալ նրանց վերաբերմունքի մասին:

8. Վերջին պարբերության հետ կապված՝ որևէ մեկը, այդ թվում ես, չի կարող որևէ մեկի, այդ թվում դատախազության, հեղինակության ու անվան հետ որևէ գործողություն կատարի: Մեզանից յուրաքանչյուրի հեղինակություն ու անունը բարձրացնողն էլ, իջեցնողն էլ մենք ինքներս ենք: Ես ամեն դեպքում որևէ կերպ չեմ անվանարկել դատախազությանը, այլ արձանագրել եմ Ձեր գործողությունները, հետևաբար եթե տպագրված նյութից որևէ բան Ձեզ հուշում է, որ դատախազության բարի համբավի հնարավոր վնաս է պատճառվել, ապա պետք է որ հուշի նաև՝ ինչու: Ամեն դեպքում, այս նյութում հայտնած դիրքորոշումները դեռևս Միսակ Լազարյանին անհիմն կալանքի տակ պահելուն է վերաբերում:

ՄՆԱՑԵՔ  ՏԱՆԸ

Հարգանքով՝ փաստաբան Արկադյա Գևորգյան