| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տավուշի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել Դիլիջանի «Միմինո» սրճարանի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Ռազմիկ Հախվերդյանը 2016թ նոյեմբերի 11-ին երեկոյան Դիլիջան քաղաքի «Միմինո» սրճարանում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ ինքնահաստատման և շրջապատին հակադրվելու հանդուգն ձգտումով հնչեցրել է «Այստեղ տղա կա՞», ապա անհիմն վիճաբանել արձագանքած անծանոթ այցելուների հետ: Տղամարդն առանց հրավերի սեղանակցել, իր վարքագծով խաթարել է սրճարանի բնականոն աշխատանքը, շուրջ 15 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
«Միմինո» սրճարանում խուլիգանություն կատարելու ժամանակ սրճարանի սեփականատիրոջ՝ Արմեն Մարտիրոսյանի հանդարտեցման կոչերին չենթարկվելու պատճառով առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով Ռազմիկ Հախվերդյանը և Արմեն Մարտիրոսյանը նույն օրը մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի սկզբնամաս:
Այստեղ Ռազմիկ Հախվերդյանը բարձրաձայն հայհոյանքներ տալով, խուլիգանական դրդումներով ապօրինաբար Արմեն Մարտիրոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Ռազմիկ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշյալը գործը մակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանին: