Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր:
Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:
ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Նախարար Տոնոյանի առաջին կանգառը Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանության հատուկ օբյեկտների պահպանության հերթական հենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարը շրջեց հենակետի տարածքում և ծանոթացավ գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:
Չորաթան համայնքում, որտեղ կառուցվելու է քաղաքացիական պաշտպանության հերթական հենակետը, ԱԻ նախարարին դիմավորեցին աղ ու հացով և մեծ խանդավառությամբ: Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծելու և սահմանամերձ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: ԱԻ նախարարը զրուցեց նաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը:
Հաջորդ կանգառները Մովսես, Սարիգյուղ և Ոսկեվան սահմանամերձ համայնքներում էին, որտեղ հիմնանորոգված քաղաքացիական պաշտպանության հենակետերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրեց կարմիր ժապավենները: Ամբողջությամբ ավարտված են շենք-շինությունների կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, հենակետերը կահավորված են անհրաժեշտ տեխնիկայով, կապի ժամանակակից միջոցներով և գույքով:
Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ:
Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:
Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացավ ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:
Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրեց համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների:
Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետեր բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում: