Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետությունում քաղաքացիների ինքնապաշտպանությունը ավելի բարձր մակարդակով ապահովելու համար նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը։
Սրանով վերացվում են արցախցիների՝ զենք ունենալու որոշ սահմանափակումներ, որոնք կային նույնիսկ մինչև 44-օրյա պատերազմը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
«Քանի որ խաղաղ բնակավայրերը շփման գծի անիջապես մերձակայքում են, այդ պատճառով հնարավորություն է տրվել զենք կրելու տվյալ բնակավայրի բնակչությանը։ Դա կարելի է դիտարկել որպես լրացուցիչ անվտանգային մեխանիզմ»,-ասաց նա։
Լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում, որոնք դարձյալ անվտանգային նշանակություն ունեն՝ փաստեց Նելլի Բաղդասարյանը։
«Զենքի մասին» գործող օրենքը որոշակի սահմանափակումներ էր սահմանում հասարակության ստվար զանգվածի համար որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թուլյտվություն ստանալու հարցում․ մասնավորապես, որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու թուլյտվություն ստանալու համար սահմանվում էր ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու պահանջը: Փոփոխությունները հանել են այս սահմանափակումը, քանի որ «այս պահանջը չի համապատասխանում հետպատերազմյան իրողություններին ու հանրային կարիքներին»:
Վերացվել է նաև զենքում տասը փամփուշտից ոչ ավելի տարողունակությամբ թմբուկ կիրառելու պահանջը: Երեք ակոսափող զենք ձեռք բերելու փոխարեն քաղաքացիներին թույլատրվել է ձեռք բերել առավելագույնը հինգ միավոր որսորդական ակոսափող զենք:
«Սպորտային ակոսափող, ողորկափող հրազեն և որսորդական զենք առաջին անգամ ձեռք բերող քաղաքացիները, զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալիս պարտավոր են Արցախի Հանրապետության ոստիկանությունում կամ Արցախի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություններում, Արցախի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված ծրագրով ստուգում անցնել զենքի հետ վարվելու կանոնների իմացության շուրջ»,-ասված է նոր օրենքում։
«Անվտանգային փաթեթը մշտապես ընդարձակելու, համալրելու խնդիր ունի, որովհետև սա միջոցառումների համակարգ է, որը ոչ մի դեպքում բավարար չի կարող լինել, այսօր ստեղծված պայմաններում առավել ևս, երբ Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր, գտնվում ենք դեռևս չկարգավորված հակամարտության մեջ և պատերազմի ամենօրյա վտանգի ներքո»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։
Այսօր Արցախի անվտանգությունը պահում են ժամկետային, պայմանագրային զինծառայողները և ռուս խաղաղապահները, բայց, նրա խոսքով, պրակտիկան ցույց է տալիս, որ իրականացված միջոցառումները դեռևս բավարար չեն։
«Այսօր նաև կարիք կա միջադեպերի կանխման, վերահսկման լրացուցիչ տեխնիկական միջոցների․ այսինքն, մենք այս միջադեպերի հետևանքներն ենք հետաքննում, մինչդեռ դրա կանխման ուղղությամբ պետք էր աշխատանք տանել։ Օրինակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն առաջարկում էին տեսահսկման և մշտադիտարկման հնարավորություններ ներդնել շփման գծում։ Բայց, փաստորեն, դա իրականացրեց միայն հայկական կողմը՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ն պատրաստակամություն էր հայտնել իր՝ միակողմանի մշտադիտարկման արդյունքները ներկայացնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այսօր ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն կա, որ այս տեխնիկական միջոցները համալրվեն»,-ասաց Նելլի Բաղդասարյանը։
Հայ և ադրբեջանցի դիրքապահների դիրքերն այսօր չափազանց մոտ են, չեզոք գոտին բավական նեղ, նշեց նա, բնականաբար, անհրաժեշտություն կա, որ դրանք լինեն ավելի մեծ հեռավորության վրա, բայց անգամ դա զսպող հանգամանք չի կարող լինել Ադրբեջանի համար։
«Եթե ՌԴ խաղաղապահների առկայությունը չլիներ, Ադրբեջան-Թուրքիա ահաբեկիչների ալյանսը անմիջապես կվերագործարկվեր։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն նվազեցնել խաղաղապահության դերը, նպատակը՝ նրանց անմիջականորեն դուրս մղելն է։ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղված են Արցախի Հանրապետության բնակչության դեմ»,-ասաց նա։
Որևէ դեպքում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը չպետք է անտեսվի, նշեց Նելլի Բաղդասարյանը, սա պետք է դիտարկվի որպես լրացուցիչ բաղադրիչ, որպես անվտանգային բաղադրիչ, որովհետև այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ճանաչումը կարող է նաև անվտանգային նշանակություն ունենալ։
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանցիների թեժ հրետակոծությունը հիմնականում Մարտունու ուղղությամբ էր, նշեց նա, այդ հատվածը ընդգրկում է խաղաղ բնակավայրեր, որոնք հայտնվել են ադրբեջանական կողմի հրետակոծության թիրախում։ Նորշենում լարվածության հետևանքով ունենք 6 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, նույն սադրիչ սցենարը շարունակվեց, և ադրբեջանցիները կրակեցին բուժծառայության մեքենայի ուղղությամբ, որը մարդասիրական առաքելություն էր իրականացնում․ մեքենան վնասելու բոլոր կադրերը կան։
«Սա հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանը իր նախկին գործելաոճից չի ցանկանում հրաժարվել, հակառակը, խաղաղասիրության, համակեցության կեղծ թեզերի տակ շարունակում է զարգացնել իր նախկինում ունեցած գործելաոճը»,-փաստեց Նելլի Բաղդասարյանը։
Գործերը հետաքննության փուլում են․ Նորշենի մոտ հայկական դիրքի ուղղությամբ դիմացի դիրքի ադրբեջանցիները նախ՝ դիմահար կրակել են, ապա ԱԹՍ-ն խոցել է դիրքապահների վրանը։ Բուժծառայության մեքենայի վրա կրակել են փոքր տրամաչափի հրազենից, բայց, Նելլի Բաղդասարյանի խոսքով, սա չի մեղմացնում կատարվածի լրջությունը։
Որևէ այլ վայրում, նրա խոսքով, ԱԹՍ-ից հարված չի եղել։ Ծանր հրետանի չի կիրառվել, խոշոր տրամաչափի զենքեր կիրառելու մասին տվյալները ճշտվում են։
Աննա Բալյան