կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 22:13
Հասարակություն

Հայաստանում կներդրվի միասնական էլեկտրոնային տոմսային տեղեկատվական համակարգ

Հայաստանում կներդրվի միասնական էլեկտրոնային տոմսային տեղեկատվական համակարգ

 Կառավարության վաղվա նիստի օրակարգում մշակույթի նախարարությունը ներառել է որոշում` պետական և տարածքային կառավարման մամինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը և նշված համակարգի ստեղծման և ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին:

Նախագծի  ընդունումը պայմանավորված է միասնական ավտոմատացված տոմսային տեղեկատվական համակարգի այսուհետ՝ համակարգ ծրագրային ապահովման և համահավասար մոտեցումների մշակմամբ կառավարման նույնական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ՝ մրցութային գործընթացի կազմակերպման միջոցով:

Նախանշված բնագավառներում Հայաստանի Հանրապետությունում տոմսերի վաճառքով զբաղվում են մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գերազանցապես տոմսերն իրացնում են իրենց ցանցի և /կամ/ գործակալների միջոցով: Կատարված ուսումնասիրություններից ակներև է, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ բացակայում է վերահսկողության իրականացման մեկ միասնական համակարգը և հրամայական է այն կենտրոնացնելու անհրաժեշտությունը, քանի որ տոմսերի վաճառքի գործընթացի և, առհասարակ, շուկայի նկատմամբ իրականացվող վերահսկողության աստիճանն ուժեղ չէ,  ինչն էլ հնարավորություն է ստեղծում տոմսերի վերավաճառքի կամ չհիմնավորված գնային աճի իրականացման համար: Արդյունքում, առաջանում են հարկ վճարողների կողմից որոշակի անվերահսկելի գործողությունների, ստվերային քաղաքականության վարման, սպառողների շփոթեցման, ինչպես նաև տոմսի արժեքի անհիմն թանկացման հետ կապված մի շարք խնդիրներ:

Առկա հիմնահարցերը լուծելու և ոլորտը բարեփոխելու նպատակադրմամբ  ՀՀ մշակույթի նախարարությունը՝ նաև իրականացվող Ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների շրջանակներում, նախաձեռնեց ստեղծել և ներդնել էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական ավտոմատացված համակարգ, որի միջոցով նախատեսվում է կարգավորել տոմսերի վաճառքի շուկան և էլեկտրոնային համակարգի ՀՀ ՊԵԿ-ի տեղեկա­տվական բազային ինտեգրմամբ առավելագույնս նվազեցնել տոմսային տնտեսության վարման հետ կապված հարկային դաշտում առաջացող ռիսկերը: Այս համակարգի միջոցով հնարավոր կլինի հստակեցնել և միասնական առցանց բազայի միջոցով կարգավորել, կառավարել և վերահսկել տոմսերի գնման գործընթացը և դրան վերաբերող ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մշակել և ստանալ մանրամասն վիճակագրություն իրականացված վաճառքի ծավալների և նշված համակարգին միացած յուրաքանչյուր տնտեսվարողի գործողությունների մասին:

Նշված միասնական համակարգի ներդրման նպատակով հնարավոր է որդեգրել 2 տարբերակ՝

Առաջին՝ պետական բյուջեից ֆինանսավորմամբ

Երկրորդ՝ մասնավոր ներդուրմների ներգրավմամբ:

Գնահատելով բոլոր հնարավոր հետևանքները, վերլուծելով դրանց ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով միասնական համակարգի համար ներդրման նախնական հաշվարկներով կանխատեսվող արժեքը /500 000 - 1 000 000 ԱՄՆ դոլար/, առավել հիմնավորված է մասնավոր ներդրողի ներգրավմամբ միասնական համակարգի կիրառման տարբերակը: Նախագծի իրականացման արդյունքում ստեղծվող, գործարկվող և սպասարկվող համակարգը իրենից ներկայացնելու է համապարփակ լուծում, որը հնարավորություն է տալու համախմբել և միավորել ՀՀ-ում գործող մի քանի տեսակի (թատերահամերգային, թանգարանային, սպորտային և ժամանցային) կազմակերպություններ՝ մեկ միասնական պրոցեսինգային կենտրոնի միջոցով:

Պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծումն ու ներդրումը կձևավորի  թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային ծառայությունների մատուցման ոլորտում միանգամայն նոր միջավայր, կամրագրվեն տոմսային տնտեսության վարման նոր սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան առավել վերահսկելի ու համահավասարության հիման վրա արդյունավետորեն կազմակերպել մշակութային-ժամանցային ծրագրային քաղաքականությունը:

Նախատեսվում է 2017 թ. աշնանը Երևան քաղաքում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային միջոցառումների տոմսերի իրացումն իրականացնել ԷՏՏՀՄԱՀ-ի միջոցով, իսկ մինչև տարեվերջ այն ամբողջությամբ կիրառելի դարձնել Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող համապատասխան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար:

Նախագծով առաջարկվում է գործընթացն իրականացնել նախաորակավորման հայտարարություն հրապարակելու միջոցով և ներկայացված հայտերի գնահատման ու բանակցությունների վարման արդյունքում գնման հրավերը տրամադրել միայն նախաորակավորված մասնակիցներին:

Հաղթող ճանաչված կազմակերպությանը կառաջարկվի կնքել պայմանագիր, որի նախատեսված պայմաններով կապահովվի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև պատասխանատվությունը համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: Նախագծով հաստատվում է նաև «ԷՏՏՀՄԱՀ» ստեղծման և ներդրման ժամանակացույցը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սեղմ ժամկետներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ: Տոմսերի գնման հասանելիությունը էապես կխթանի պահանջարկը, հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի հանդեպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք տեղեկատվությունն ու վերահսկելիությունը էական գործիք կհանդիսանան գնային քաղաքականությանը հետևելու և հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ:

                Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող և սպասարկող կազմակերպությունը չի զբաղվելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացվելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր և միջին կազմակերպություններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տնտեսվարողների համար, վերջիններիս տրամադրելով նույնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դեպքում: